Մահացել է Ջերի Մերիմանը՝ էլեկտրոնային հաշվիչներ ստեղծողը

ԱՄՆ Դալաս քաղաքում 86 տարեկանում կյանքից հեռացել է ձեռքի էլեկտրոնային հաշվիչի (калькулятор) ստեղծողներից մեկը՝ Ջերի Մերիմանը:

Մերիմանը մահացել է փետրվարի 27-ին՝ սրտի աշխատանքի հետ կապված բարդությունների և երիկամային անբավարարության հետևանքով:

Տեղեկությունը հայտնել է նրա խորթ դուստրը: Աղբյուրը նշում է, որ Մերիմանը գործընկերներ Ջեք Քիլբիի և Ջեյմս Վան Թասելի հետ ստեղծել է այն հեղափոխական սարքը, որն էլ ճանապարհ է հարթել համակարգիչների ստեղծման համար: Դրա նախնական օրինակը պահվում է Սմիթսոնյան ինստիտուտում:

Մերիմանը գիտակցել է, որ հաշվիչը կարևոր տեխնոլոգիական նվաճում է, սակայն նա գաղափար անգամ չի ունեցել, թե այն ինչ ահռելի առաջընթաց էր այն ժամանակվա համար:

«Ես՝ հիմարս, կարծում էի, թե մենք պարզապես հաշվիչ ենք ստեղծում, բայց իրականում մենք էլեկտրոնային հեղափոխություն էինք անում»,- 2013թ. տված հարցազրույցում ասել էր Մերիմանը: