Հայկական արմատներով Jeltee-ն մարտահրավեր է նետում Tinder-ին

Մարտի 24-ին ԱՄԷ-ի The National պարբերականը հրապարակեց մի նյութ՝  Մասդարի ուսանողների ստեղծած հավելվածը մարտահրավեր է նետում  Tinder-ին  (Tinder` ծանոթությունների ու վայրերի համատեղ հավելված): Խոսքը Jeltee հավելվածի մասին էր, որի հեղինակները հայազգի ուսանողներ Աշոտ Մնացականյանն ու Ռաֆայել Հարությունյանն էին: ittrend.am-ի լրագրողները կապ հաստատեցին նրանց հետ և զրուցեցին հավելվածի, պլանների ու ընդհանրապես իրենց մասին:

Ամեն ինչ սկսվեց 4 տարի առաջ, երբ երկու հայ երիտասարդ՝ Աշոտ Մնացականյանն ու Ռաֆայել Հարությունյանը, մեկնեցին ԱՄԷ՝ ուսումը շարունակելու Մասդարի համալսարանում։ Տարբեր բիզնես մոդելներ ուսումնասիրելուց հետո կես տարի առաջ նրանք կանգ առան Jeltee հավելվածի ստեղծման գաղափարի վրա, որի տեխնիկական մասով շատ ինտենսիվ աշխատանքների արդյունքում փետրվարին ի վերջո ստեղծվեց հավելվածի iOS-տարբերակը, այնուհետև այն հարմարեցվեց Windows Mobile ՕՀ-ի համար: Հենց այդ ժամանակ էլ հիմնվեց BROgrammers ընկերությունը, որին և պատկանում է հավելվածի հեղինակային իրավունքները, և որի հիմնադիրներն են Աշոտն ու Ռաֆայելը:  Հավելվածն առայժմ տեղայնացված է միայն Արաբական Միացյալ Էմիրությունների համար, որտեղ էլ այժմ բնակվում են հեղինակները։

Աշոտ Մնացականյան (ձախից), Ռաֆայել Հարությունյան (աջից)
Աշոտ Մնացականյան (ձախից), Ռաֆայել Հարությունյան (աջից)

 

Jeltee-ն հարմար միջավայր է,  որտեղ օգտագործողները կարող են շփվել միմյանց հետ, պլանավորել հանդիպում, ընտրել հաճելի երեկոյի անցկացման վայր: Հավելվածի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն սահմանափակում է օնլայն շփման ժամանակը, ինչով ստիպում է օգտատերերին արագորեն իրական կյանք վերադառնալ: Կա նաև հանդիպելու հրավեր ուղարկելու համար նախատեսված ֆունկցիա։ Jeltee-ն հնարավորություն է տալիս բացահայտել նոր վայրեր ու նոր մարդկանց։ Հավելվածում իրենց էջերն ունեն նաև ժամանցի վայրերը, որոնք կարող են խմբագրվել հենց վայրերի սեփականատերերի կողմից։

Այժմ Jeltee-ն արդեն ունի 10000 օգտագործող Արաբական Էմիրություններում։ Տղաների փոխանցմամբ՝ նրանք հիմա ներդրումների ակտիվ որոնման մեջ են, որպեսզի կարողանան ընդլայնվել և օգտագործողների թիվը հասցնել 50 հազարի։ Այժմ հասանելի են հավելվածի iOS և Windows-տարբերակները, իսկ Android-տարբերակը կթողարկվի շուտով։

ittrend.am-ի այն հարցին, թե չեն վախեցել արդյոք շուկայում նմանատիպ հավելվածի արդեն հաջողված նախագծի առկայության դեպքում աշխատել սեփական համանման հարթակի վրա, տղաները ոգևորությամբ փաստեցին նախ, որ հավելվածների շուկան այնպիսին է, որ երկու նմանատիպ հավելվածների առկայությունը չի բացառում նրանց խաղաղ «գոյությունը» նույն մոբայլ սարքում, որի վառ օրինակն է Skype-ի ու Viber-ի առկայությունը նույն սարքերում: Ապա հավելեցին նաև, որ ցանկացած հավելված ունի իր հիմնական տարբերվող առանձնահատկությունը ու փոքր դետալը, որի համար օգտատերերը սիրում ու օգտագործում են այն: Օրինակ, երբ ստեղծվեց Facebook-ը, MySpace սոցցանցն արդեն գոյություն ուներ ու առաջարկում էր գրեթե այն ամենը, ինչ առաջարկեց հետո Facebook-ը, սակայն կան փոքր տարբերություններ, որոնց պատճառով էլ օգտագործողները կայացրին իրենց ընտրությունը Facebook-ի օգտին։ Իրենց դեպքում Jeltee-ն նմանատիպ Tinder-ից տարբերվում է նրանով, որ կա 24-ժամյա սահմանափակում օնլայն շփման վրա և օգտատերերի համար այն միշտ պետք է լինի անվճար: Նշենք, որ Tinder հավելվածը շուկա է դուրս եկել մի քանի տարի առաջ և վերջերս վճարովի է դարձրել իր մատուցած ծառայությունները:

Պլանների մասին խոսելիս տղաները ներկայացրին, որ առայժմ ակտիվ աշխատում են հավելվածի վայրերի ավելացման, ինչպես նաև հավելվածի այլ հնարավորությունների ստեղծման վրա: Քանի որ հավելվածը սերտ կապված է վայրերի հետ և ունի լոկալ բնույթ, նրանք պլանավորում են ընդլայնել հավելվածի աշխարհագրությունը և հաջորդը հավելվածը տեղայնացնելու են Մոսկվայի, ապա նաև Երևանի համար: Տղաները շատ մարտական են տրամադրված և ոգևորված են մեկուկես ամսվա ընթացքում ունեցած հաջողությամբ, ինչը չի վրիպել նաև արտասահմանյան այնպիսի հայտնի լրատվական կայքերի ու տեխնոբլոգների ուշադրությունից, ինչպիսիք են TheNational-ը, Gulf News-ը, ITP-ն, 7daysindubai-ը, wamda.com-ը, parsherald-ը և այլն։

Տղաների խոսքով՝ ստարտափ ընկերությունները բավական դժվար ճանապարհ են անցնում, բիզնես սկսելը ստիպում է շատ նոր բաներ սովորել՝ սկսած հաշվապահությունից մինչև լրագրություն, մարքեթինգ, ֆինանսեր և այլն։ Անդրադառնալով ՏՏ ոլորտի հայաստանյան զարգացումներին՝ Ռաֆայելն ու Աշոտը նշեցին, որ առաջընթացը տեսանելի է նույնիսկ հեռվից, օրեցօր ավելանում է ստարտափների թիվը, սակայն ոլորտն ընդհանուր առմամբ դանդաղ է զարգանում։