Հայկական Helix ընկերության մշակած justbefit-ը ճանաչվել է 2015-ի լավագույն հավելվածներից մեկը

Հայկական Helix ընկերության մշակած justbefit հավելվածը, որը նախատեսված է ռուսական շուկայում սպորտային պարապմունքներ ամրագրելու համար, Ռուսաստանում ճանաչվել է 2015-ի լավագույն հավելվածներից մեկը:

Ընկերության հիմնադիր տնօրեն Արամ Մխիթարյանն ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ justbefit համակարգն առանձնահատուկ է նրանով, որ թույլ է տալիս փնտրել ու գտնել տվյալ պահին մոտակայքում անցկացվող պարապմունքները։ «Սա թույլ է տալիս մատչելի գներով ամրագրել յոգայի կամ ցանկացած այլ մարզատեսակի պարապմունքներ։ Այսինքն՝ justbefit-ի շնորհիվ օգտագործողները կարող են զերծ մնալ մարզասրահներում ամսական կամ տարեկան բաժանորդագրություն ունենալու պարտադրանքից և ցանկացած ժամանակ գտնել գրպանին հարմար պարապմունք»,-մանրամասնեց տնօրենը։

Վճարումը կարող է կատարվել օնլայն, կա նաև բոնուսներ վաստակելու հնարավորություն՝ ընկերներին հրավիրելու կամ համակարգից հաճախակի օգտվելու դեպքում։ Ծրագրի ծառայությունները մատուցվում են անվճար, իսկ պարապմունքների գները համապատասխանում են մարզասրահում գործող գներին։

Նշենք, որ 2015-ի լավագույն հավելվածներից է ճանաչվել նաև Shadowmatic հայկական խաղը: