Երևանում 1-ին անգամ EU Code Week-ի շրջանակում կանցկացվի տեխնո-միջոցառում

Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ կանցկացվի “Learn to Code! It’s Fun!” խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում:

Միջոցառումը նախաձեռնել են Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC) և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF), միջոցառման աջակիցն է Google-ը:

Միջոցառման ընթացքում մոտ 200 դպրոցականներ (9-17 տարեկան) կծանոթանան «Scratch» միջավայրին և HTML-ի միջոցով կայք ստեղծելու հնարավորություններին, կփորձեն ստեղծել համակարգչային խաղ կամ որևէ անիմացիա: Միջոցառման նպատակն է ծրագրավորումը և թվային գրագիտությունը դարձնել հասանելի և հետաքրքիր դպրոցականների համար:

EU Code Week-ը հանդիսանում է եվրոպական խոշորագույն ծրագրավորման միջոցառում, որին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ: Այն անց է կացվում արդեն 5-րդ տարին՝ իր շուրջը համախմբելով միլիոնավոր երիտասարդների եվրոպական ավելի քան 50 երկրներից: