LearnMatch. սովորեք լեզուներ խաղալով (բացառիկ հարցազրույց)

LearnMatch բջջային հավելվածի հիմնադիր Մանֆրեդ Քաստները կարճատև այցով անցյալ հանգստյան օրերին ժամանել էր Հայաստան։ Եվրոպայում հայտնի սոցիալական ձեռներեցը, նաև  Vision Microfinance and Vision Education հիմնադիրը այցի ընթացքում հասցրել էր հանդիպել «Այբ»-ի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողների հետ։ Քաստները իր այցի շրջանակում ներկայացնում էր LearnMatch-ը, որը լեզուների ուսուցման անվճար բջջային հավելված է  և խաղի միջոցով հնարավորություն է տալիս սովորել մի շարք օտար լեզուներ։ Հայաստանում ծրագիրը ֆինանսավորում է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը։  LearnMatch-ն անվճար հավելված է՝ հասանելի iOS  և Android հարթակների համար։

Ittrend.am–ը բացառիկ հնարավորություն ունեցավ զրուցել Մանֆրեֆ Քաստների հետ, խոսել ուսանողների հետ հանդիպումների, Հայաստանի ՏՏ ներուժի և հավելվածի մասին։

 

Պարոն Քաստներ, ի՞նչ հավելված է LearnMatch–ը  և ինչո՞ւ որոշեցիք այն բերել նաև Հայաստան:

-Ինչի՞ մասին է LearnMatch-ը։ Այն հարթակ է, որն ուսանողներին և դպրոցականներին մոտիվացնում է սովորել: Հավելվածը նաև նախատեսված է դասավանդողների համար: Մենք ստեղծեցինք մի բան, որը մարդիկ սիրում են անել: Անգամ կարգախոս ունենք՝ «Learn where your passion is» (Սովորիր այնտեղ, որտեղ կիրք ունես): Եվ մենք ստեղծեցինք գործիք, որը  ֆուտբոլային խաղի միջոցով լեզուներ սովորելու հնարավորություն է տալիս: Ինչո՞ւ ընտրեցինք ֆուտբոլ, որովհետև կա շատ սիրված Աշխարհի առաջնություն և բացի այդ, դա  աշխարհում շատ տարածված մարզաձև է: Բայց մենք պատրաստվում ենք նաև մուտք գործել երաժշտության և մյուս ոլորտներ ևս: Անկախ գտնվելու վայրից՝ հավելվածը մարդկանց հնարավորություն է տալիս սովորել  թվային գործիքներով՝ պլանշետ, հեռախոս, տաբլեթներ: Ժամանցը սովորելու ևս մեկ և ազդեցիկ  տարբերակ է. էմոցիաները այստեղ կարևոր գործ են կատարում: Եվ սա հիանալի տարբերակ է ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների համար: Միասին նրանք շատ գիտելիքներ կստանան, ոչ միայն դասարանում այլ նաև դրանից դուրս:  Ես երեկ ԹՈՒՄՈ ու «ԱՅԲ» դպրոց եմ գնացել և տեսել եմ, թե ինչպես է Հայաստանն այս ոլորտում առաջընթաց գրանցում ու նոր ձեռքբերումներ ունենում:  Ես կարծում եմ, որ սա խոստումնալից  է  կրթության բնագավառում՝ մոտիվացված կրթության բնագավառում:

-Դուք պատասխանեցիք նաև իմ հաջորդ հարցին, բայց վերադառնանք հավելվածին: Եթե այնտեղ ներառված է հայերեն տարբերակը, ապա աշխատել եք նաև հայաստանցի մասնագետների թիմի հետ:

-Այո, ճիշտ եք: Իմ կապը Հայաստանի հետ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»  ընկերության միջոցով է: Նրանք  խթան հանդիսացան, որպեսզի մի քանի տարի առաջ ես էլ  Հայաստան գայի։ Այցի ընթացքում  կիսվեցինք մտքով, որ կցանկանայինք այս գործիքը հասանելի դարձնել նաև Հայաստանի համար, նրանք ասացին, որ կարող ենք այն անել: Եվ մենք արեցինք: Գնացինք Գերմանիա ամենալավ ու պրոֆեսիոնալ թարգմանչի հետևից ու թարգմանեցինք ամբողջ կուրսը հայերեն այդ թվում  նաև հավելվածի ինտերֆեյսը, գործառույթները և այլն։ Գիտեք՝ դա ինչպես է լինում: Մոտ 1400 բառ ու բառակապակցություն ենք թարգմանել, որպեսզի հայերենից հասանելի լինի սովորել պորտուգալերեն, իսպաներեն, ֆրանսերեն: Մենք նաև մեր աշխատանքներում ինտեգրել ենք Google Translate-ը։ Եթե  այստեղ  կարող եք աշխատել դեքսթոփային տարբերակով, կարդալ The Financial Times-ից հոդված ու թարգմանել այն այս գործիքով ու նաև լեզու սովորել, ապա մեր հավելվածում ներառված է ուսուցողական և՛ վիդեո, և՛ աուդիո տարբերակները: Դա բավական հարմարավետ է: Երեկ, երբ մենք համալսարանում էինք, մեզ թվում էր, որ սկսել ենք մի նախագիծ, որը  բառագիտության նոր հնարավորություններ է ընձեռելու: Թվային տարբերակից բացի, բավական շատ բառարաններ չկան հայերեն-անգլերեն կամ հայերեն-իսպաներեն և այլն: Սա կօգնի երկու կողմին էլ զարգացնել հավելվածը այս լեզուները սովորելու համար:

-Խոսենք ընդհանուր հավելվածի մասին, ոչ միայն հայալեզու տարբերակի: Ի՞նչ առաջընթաց կա, որտե՞ղ եք հասել և ո՞ւր եք գնում:  

-Սա բացառապես նոր հավելված է: Գերմանիայում  մենք նմանատիպ հավելված ստեղծել էինք արդեն, որն ուներ թիրախային խումբ` միայն դպրոցականներ և ուսանողներ: Այնտեղ ներառված է եղել 71 բառարան: Շատ ուսանողներ են սովորում այդ հավելվածով: Սա հաջորդ մակարդակն է՝ սովորել խաղալով:  Շատ ենք թեստավորել հարթակը, հետազոտել արձագանքները ու նոր բաներ սովորել: Ցանկացել ենք այս հավելվածը դարձնել համաշխարհային գործիք: LearnMatch–ի մեկնարկն արդեն տրված է Արգենտինայում, հիմա արդեն` Հայաստանում էլ: Նախնական ծրագիրը գործարկել  էինք Ավստրիայում: Այստեղ շուտով կընդգրկվեն  նաև հունական, իսպանական շուկանները։

-Այլ կերպ ասած՝ ամբողջ աշխարհը:

-Այո, ամբողջ աշխարհը: Հավելվածում արդեն կա մոտ 43 լեզու, այդ թվում՝ հայերեն, չինարեն, հինդի, պորտուգալերեն և այլն:

-Մեծ աշխատանք է:

-Այո, իրավացի եք:

-Խոսենք Ձեր՝ ԹՈՒՄՈ այցելության մասին: Ի՞նչն էր հետաքրքիր ու ոգեշնչող այնտեղ:

-Իմ` Թումո և «Այբ»- այցելությունների ընթացքում այնպիսի տպավորություն էր, որ ես գտնվում եմ Կալիֆոռնիայում, այլ ոչ թե Հայաստանում: Մի կողմից Google-ի ոճով է սարքած՝ բարձր տեխնոլոգիաների առումով, մյուս կողմից՝ հայկական է ամեն բան՝ մարդիկ շախմատ են խաղում համակարգչով: Նկատի ունեմ՝ Դուք շատ խելացի մարդիկ ունեք ձեր երկրում: Ես կարծում եմ, որ սա իրապես լավ նախագիծ է: Տեսել եմ քաղաքը մի քանի տարի ընդմիջումից հետո, շատ մեծ զարգացումներ կան այստեղ: Ամենաոգևորիչը, որ դու պարզապես տեխնոլոգիական զարգացում չէ, որ տեսնում ես, այլ ոգևորում է ամենից առաջ ուսանողների մոտիվացիան ու ոգեշնչվածությունը դեպի սովորելը: Ես մի փոքր ուսումնասիրել եմ Հայաստանը և կարող եմ ասել, գրեթե յուրաքանչյուր հայ խոսում է կա՛մ ռուսերեն, կա՛մ անգլերեն, կա՛մ երկուսը միասին: Այստեղ մարդիկ ավելի շատ են օտար լեզվով խոսում, քան մյուս երկրներում և պատրաստ են ինտերնացիոնալ շփումներին:

-Դուք ասացիք, որ նախկինում էլ եք եղել մեր երկրում:

-Այո՛, ասացի:

-Ի՞նչ տարբերություններ եք նկատում:

-Ինչքան, որ ես եկել եմ Երևան, «Մալխասը» դեռ նույնն է, ֆանտաստիկ է ուղղակի: Նայում եմ քաղաքին ու տեսնում, որ նոր ու գեղեցիկ շինություններ են ավելացել: Տեսնում ես, որ այս տարածքը առաջխաղացում ունի: Չնայած այս ամենին նաև շատ հանգիստ է:

-Իսկ IT ոլորտի մասո՞վ, տեխնոլոգիաների:

-Ես փոփոխությունները չեմ կարող արձանագրել, ցավոք, փորձագետ չեմ այս ոլորտում: Ես կարող եմ ասել միայն մի բան,  ի տարբերություն Եվրոպայի արևմտյան հատվածի,  Հայաստանում ուսանողներն ունեն բավական բարձր գիտելիքներ ու հմտություններ մաթեմատիկայի ու գիտության բնագավառում: Այստեղ կա կրկին բոլորի հետ շփվելու հիմնական հմտությունը՝ լեզուների իմացությունը: Ռուսերենն էլ այստեղ շատ լավ է: Ինձ համար դա շատ խոստումնալից է Հայաստանի ապագայի ու զարգացման համար: Եվ կրկին՝ Թումո այցելության մասին ասեմ` այստեղ Հայաստանի ապագան էր: Համալսարանում ու դպրոցներում, խոսելով մարդկանց հետ, ես չեմ խոսում հայերեն, բայց նրանք խոսում էին ինձ հետ անգլերեն, ռուսերեն:

-Հայաստանի հետ բիզնես համագործակցության մասին։ Ո՞ր մակարդակում է այն գտնվում: Ի՞նչ եք պատրաստվում անել այստեղ:

-Առաջին հերթին պետք է նախագծի «պիլոտային» տարբերակը ներդնենք հայաստանյան դպրոցներում: Սեպտեմբերից կսկսենք: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնում են կապեր հաստատել կազմակերպությունների հետ: Պետք է նշեմ, որ բոլոր ցանկացողները կարող են ներբեռնել հավելվածն անվճար: Ու հավելվածը միայն լեզուներ սովորելու գործիքներ չէ, որ պարունակում է: Նաև կա թարգմանության գործառույթը, որի միջոցով կարելի  է ձեռք բերել լեզվի լավ իմացություն: Ներկա պահին բավական մեծ աշխատանք է արված, բայց մենք դեռ շարունակում ենք սովորել ուսուցիչներից: Դեռ պետք է փորձնական ծրագրեր անենք, որպեսզի հասկանանք, արդյոք պետք է այս տեղանքի համար ուրիշ գործիքներ կամ  հատուկ մոտեցում: Դրա համար մենք ունենք լեզվի մասնագետներ, ովքեր օգնում են մեզ: Սա կարևոր է հետագա զարգացման համար: Հիմա մենք նույն հավելվածը պատրաստում ենք բիզնես հմտությունների համար: Գուցե մենք դրանում էլ հայաստանյան մաս ներառենք: Մենք աշխատում ենք լավագույնը անել: Ու ես իրապես երջանիկ եմ, որ կրկին այստեղ եմ:

 

Հարցազրույցը` Սյուզան Թոսունյանի