Localz հայկական հարթակի բետա-տարբերակը կթողարկվի դեկտեմբերին (հարցազրույց)

Գյումրիում գործող Seven Smarts նորաստեղծ ընկերությունը մշակում է Localz հայկական առցանց հարթակը, որն օգնում է զբոսաշրջիկներին ընտրել նախապես կազմված տուրերից որևէ մեկը, ցանկության դեպքում փոփոխել այն, նշել օրը և ժամը, զբոսաշրջիկների քանակը, տուրի ցանկալի լեզուն և ստանալ գնային առաջարկ անհատ զբոսավարների կողմից: Localz-ը հաղթել է Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում, որը կազմակերպել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ:

Localz-ի ստեղծման, աշխատանքի ու Գյումրիում գործունեություն ծավալելու առանձնահատկությունների ittrend.am-ը զրուցեց Seven Smarts-ի տնօրեն Արտավազդ Սոխիկյանի հետ:

22931872371_ffdc6781b5_k
Արտավազդ Սոխիկյան

– Localz անունով գոյություն ունի ավստրալական ստարտափ, ինչպես նաև այս անունով հավելվածներ կան App Store-ում, չեք պատրաստվու՞մ փոխել ձեր կողմից մշակվող հարթակի անունը:
– Մենք գիտենք նմանատիպ կազմակերպությունների մասին, բայց նրանք գործունեություն են ծավալում այլ ոլորտներում: Localz անվանումը շատ ճշգրիտ է նկարագրում մեր հարթակը, որն իրենից ներկայացնում է local-ներ գտնելու միջոց: Մենք ինչպես App store-ում, այնպես էլ առցանց հասանելի կլինենք TheLocalz անվանումով և thelocalz.co հասցեով:

– Կխնդրեի մանրամասնել, թե ինչպես է աշխատում հավելվածը:

– Տուրիստի կողմից իրեն անհրաժեշտ չափորոշիչներով հարցումը ավելացնելուց հետո համակարգը ավտոմատ կերպով ընտրում է պահանջներին համապատասխան լավագույն զբոսավարներին և հրավիրում նրանց գնային առաջարկ կատարել:

Համակարգը տուրիստին հնարավորություն է տալիս տեսնել զբոսավարի պրոֆիլը, նախորդ տուրիստների կողմից տրված գնահատականները և կարծիքները, ինչպես նաև հաղորդակցվել զբոսավարի հետ անհատական հաղորդագրություններով /instant messaging/: Մենք կարծում ենք, որ այս ամենը թույլ կտա զբոսաշրջիկներին ընտրել իրենց պահանջներին համապատասխան լավագույն զբոսավարին: Մենք հիմնականում աշխատում ենք անհատ զբոսավարների հետ, որը թույլ է տալիս նվազեցնել տուրերի գները: 

12305798_734016620061933_1454696053_n

– Թողարկվե՞լ է հավելվածը, թե դեռ ոչ: Ո՞ր հարթակների համար է այն նախատեսված: 

– Նախատեսում ենք ծրագրի բետա-տարբերակը հասանելի դարձնել դեկտեմբերին: Ծրագիրն ունենալու է iOS, Android, Windows Phone համակարգերով և web-տարբերակով աշխատող հավելվածներ, որոնք լինելու են անվճար: Մենք գումար ենք վաստակելու տուրերի միջոցով:

– Ինչպե՞ս եք պատրաստվում ներգրավել էքսկուրսավարներին ու զբոսաշրջիկներին, տեղեկացնել նրանց հավելվածի մասին:

– Մենք արդեն աշխատում ենք ավելի քան հիսուն զբոսավարների հետ: Նախատեսում ենք այլ զբոսավարներ ներգրավել՝ օգտագործելով մասնագիտացված սոցիալական խմբերը, ինչպես նաև գովազդ տեղադրելով սոցիալական ցանցերում: Բոլորս էլ գիտենք, որ զբոսաշրջիկները շատ ժամանակ են անցկացնում օնլայն՝ երկրին ծանոթանալու և տվյալներ փնտրելու համար: Սա մեզ համար լավ հնարավորություն է զբոսաշրջիկներին օնլայն գովազդով ներգրավելու համար:

– Ի՞նչ նոր հնարավորություններ կունենա ապագայում Localz-ը: 

– Հետագայում պլանավորում ենք անընդհատ զարգացնել համակարգը ՝ ավելացնելով մի շարք նոր հնարավորություններ, որոնցից մեկը կլինի խմբակային տուրեր կազմակերպելու հնարավորությունը: Համակարգը Հայաստանում գործարկելուց հետո նախատեսում ենք ընդլայնվել վրացական շուկա, որից հետո նաև եվրոպական շուկա:

– Ի՞նչ առանձնահատկություններ ունի Գյումրիում աշխատելը: 

– Գյումրին ունի հսկայական պոտենցիալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Շատ կարճ ժամանակահատվախում մեզ հաջողվեց ստեղծել կայուն և շատ արագ զարգացող թիմ: Շատ մեծ աշխատանք է կատարվել Գյումրին տեխնոլոգիական կենտրոն դարձնելու համար: Շատ կան տարբեր դասընթացներ անցած երիտասարդներ, որոնց հետ մի փոքր աշխատելու դեպքում կարելի է ստեղծել հսկայական պոտենցիալ ունեցող թիմեր: