Եվրախորհրդարանը պահանջում է անձամբ Մարկ Ցուկերբերգի ներկայությունը

Եվրախորհրդարանը պահանջում է, որ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն անձամբ պատասխանի օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի սկանդալի հետ կապված հարցերին։ Այսպիսով, Եվրախորհրդարանը մերժում է նրա առաջարկը՝ իր փոխարեն ուղարկել սոցցանցի ղեկավարության այլ ներկայացուցչի։

Խորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին գրել է Ցուկերբերգին, որ հաշվի առնելով, որ 2,7 միլիոն ԵՄ քաղաքացիներ դարձել են այդ սկանդալի զոհերը, ապա նրանք արժանի են ստանալ անձամբ Ցուկերբերգի բացատրությունն այդ հարցով։

«Բոլոր քաղաքական խմբերը շեշտել են ձեր անձնական ներկայության բացարձակ անհրաժեշտությունն այնպես, ինչպես եղավ ԱՄՆ կոնգրեսի դեպքում»,-գրել է Տայանին։

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ Ցուկերբերգը երկու անգամ ցուցմունք է տվել Կոնգրեսում։ Նա հարցերին պատասխանել է գրեթե 10 ժամ։

Ապրիլի սկզբին Facebook-ը խոստովանել էր, որ Cambridge Analytica վերլուծական ընկերությունն անօրինական կերպով ստացել է 87 մլն օգտատերերի տվյալներ։