Microsoft ընկերությունը, արհեստական բանականության պատճառով, աշխատանքից ազատում է իր լրատվական ծառայության աշխատակիցներին

Microsoft ընկերությունն աշխատանքից ազատել է Microsoft News և MSN ծառայությունների խմբագրակազմին։ Կրճատումների տակ են հայտնվել տասնյակ աշխատակիցներ։ Նրանց պարտականությունները կկատարի հատուկ մշակած ալգորիթմը։ Այս մասին հայտնում են Business Insider և The Guardian պարբերականները։

Հեռացված աշխատակիցներն աշխատում էին SANE ենթաբաժնում (դրա մեջ մտնում էին որոնման համակարգը, գովազդը, լուրերն ու Edge-ը), կամ էլ ընկերության թղթակիցներն էին։ Նրանք նորություններ կամ հոդվածներ գրողներ չէին, այլ, այսպես ասած, կոնտենտի առաքիչներ, որոնք ռոբոտներն ընտրել էին MSN-ի գլխավոր էջի համար, նաև Edge բրաուզերի նորությունների համար։

Լրագրողների տվյալներով, միայն ԱՄՆ-ում աշխատանքից զրկվել է ավելի քան 50 մարդ։ Մեծ Բրիտանիայում աշխատանքից ազատել են 27 հոգու։  

Ընկերությունից հաստատել են կրճատումների մասին լուրերն ու մանրամասնել են, որ պատճառն ընդամենը «բիզնեսի ամենասովորական վերանայումն է»։ Microsoft-ի ղեկավարությունն ընդգծել է, որ պանդեմիան որևէ կերպ չի ազդել որոշման վրա։

Microsoft-ը նորություններով զբաղվում է ավելի քան 25 տարի՝ MSN-ի թողարկումից սկսած՝ 1995 թվականին» 2018-ին ընկերությունը թողարկեց Microsoft News ծառայությունը։ Այդ ժամանակ ծառայության վրա աշխատում էին ավելի քան 800 հոգի, աշխարհի 50 երկրներից։  

Վերջին շրջանում Microsoft-ն օր օրի ավելի շատ է հույսը դնում ինտելեկտուալ ծրագրերի վրա։ Ալգորիթմն օգտագործում է որոնման համակարգը, ֆիլտրում է ինֆորմացիան ու մշակում այն։ Խմբագիրներին այն կարող է հուշել նաև, թե ինչ նկար օգտագործի։