Հաջողության պատմություն. Լիանա Կորկոտյան` Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն

Լիանա Կորկոտյանի սմարթֆոնը` Microsoft Lumia 950

Պլանշետը` Surface Pro 4

Սիրելի հավելվածները` Facebook , Office 365

Խաղերը` unavailable

Հաջողության հասնելու բանաձևը` «Միշտ գործադրիր ջանքերիդ 100%-ը,

նույնիսկ եթե ոչ մեկ չի տեսնելու արդյունքը»

IMG_1201
Լիանա Կորկոտյան

Թարգմանչից մինչև աշխարհի ամենահզոր կորպորացիաներից մեկի հայաստանյան գրասենյակի ղեկավար: Ի՞նչ ճանապարհ է անցել Մայքրոսոֆթ Հայաստանի ղեկավար Լիանա Կորկոտյանը: Վաշինգտոնից Երևան, ԱՄՆ-ից Հայաստան. ի՞նչը ստիպեց նրան թողնել Վաշինգտոնն ու վերադառնալ հայրենիք:  Մայքրոսոֆթի ամպային տեխնոլոգիաներից մինչև  ծրագրերի «երկրային» գողոն: Ինչպե՞ս են պայքարում ու ի՞նչ ծրագրեր են իրականացնելու հայկական գրասենյակում: Եվ վերջապես, ի՞նչ հեռախոս է օգտագործում ու ի՞նչ հավելվածներ է սիրում Լիանա Կորկոտյանը: Այս և այլ հարցերի մասին itTrend.am-ի բացառիկ  հարցազրույցում պատմել է հայաստանյան գրասենյակի ղեկավարը:

– Ինչպե՞ս դարձաք Մայքրոսոֆթ Հայաստանի ղեկավար: Որտեղի՞ց սկսեցիք և ո՞ւր հասաք:

-Նախ նշեմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ինձ համար նոր է, և սա իմ առաջին աշխատանքն է այս ոլորտում: Առաջին մասնագիտությամբ ես լեզվաբան եմ, ավարտել եմ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը` անգլերենի և իսպաներենի բաժինը: Կարիերայիս սկզբում աշխատել եմ որպես թարգմանիչ, այնուհետև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունում` փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ծրագրերում` որպես ՓՄՁ մասնագետ:

Հետագայում ուսումս շարունակել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետում: Դա ինձ համար շատ հետաքրքիր փորձ էր և աշխարհայացքի փոփոխում: Ավարտելով ուսումս ՀԱՀ-ում` շատ կարճ ժամանակ աշխատեցի Հայկական զարգացման գործակալությունում` որպես ՓՄՁ զարգացման մասնագետ, որից հետո մեկնեցի ԱՄՆ` ուսուցումս շարունակելու Ջորջթաուն համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

Այնուհետև Վաշինգտոնում մնացի մոտ 6 տարի` աշխատելով Համաշխարհային Բանկում, որը նույնպես շատ  հետաքրքիր և անգնահատելի փորձ էր, քանի որ այնտեղ հնարավորություն ստացա ծանոթանալ և շփվել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մարդկանց հետ, հասկանալ նրանց մշակույթը: Չնայած, որ շատ սիրեցի Վաշինգտոնը, վերադարձա հայրենիք:

Շատ հետաքրքված էի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով, քանի որ վերջին ծրագիրը, որը ղեկավարում էի, որոշակի կապ ուներ ՏՏ ոլորտի հետ: Երբ ստացա Մայքրոսոֆթ Հայաստանը ղեկավարելու առաջարկը,  միանգամից համաձայնեցի:

Ուրախ եմ, որ հետ եմ վերադարձել և այստեղ ես շատ մեծ հնարավորություններ եմ տեսնում հետագա զարգացման համար: Հավատում եմ, որ Մայքրոսոֆթի լուծումները կարող են շատ լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի զարգացման վրա:

– Ի՞նչն է Ձեզ ամենաշատը դուր գալիս Մայքրոսոֆթի թիմում:

– Մայքրոսոֆթը, ինչպես և Համաշխարհային Բանկը, խոշոր կազմակերպություն է, որի աշխատակիցները աշխարհի տարբեր ծայրերից են: Սա շատ հետաքրքիր է դարձնում աշխատանքը` անընդհատ շփվում ես տարբեր մշակույթ կրող մարդկանց հետ, զարգանում և կատարելագործվում: Այստեղ աշխատանքի ընդունվելիս հարցնում էի Մայքրոսոֆթի տարբեր աշխատակիցներին` ինչն է իրենց դուր գալիս այստեղ, և գրեթե միշտ բոլորը նշում էին, որ թիմն է և թիմային ոգին:

– Որպես «Մայքրոսոֆթ Հայաստանի» տնօրեն` ընկերության որ ծրագրերը կառանձնացնեիք, որոնք նպաստում են մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը:

– Մայքրոսոֆթ Հայաստանը վաճառքի գրասենյակ է, սակայն մենք չենք պատրաստվում զբաղվել միայն վաճառքով, քանի որ Մայքրոսոֆթ ունի մի շարք ծրագրեր թե′ փոքր և միջին ձեռնարկությունների, թե′ կրթական ոլորտում: Մեր նպատակներից է Հայաստան բերել Մայքրոսոֆթի բոլոր լուծումները և ծրագրերը` մատչելի դարձնելով դրանք մարդկանց համար:

Ցավոք, քչերն են տեղյակ, որ Մայքրոսոֆթը կրթական ոլորտում տարբեր ծրագրեր ունի. որոշ ժամանակ առաջ մեկնարկային ծրագիր իրականացրինք Նորագավիթ վարչական շրջանի համար 98 դպրոցում, որտեղ բոլոր առաջին դասարանցիներին բաժանվեցին համապատասխան համակարգչային սարքավորումներ` պլանշետ-համակարգիչներ: Ծրագրի նպատակն է սերտորեն աշխատել ուսուցիչների, աշակերտների և ծնողների հետ` խրախուսելով նրանց օգտագործել այդ լուծումները կրթական ծրագրերում:

Մայքրոսոֆթի համար չափազանց կարևոր են փոքր և միջին ձեռնարկությունները. Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի լուծումներ, որոնք հիմնված կլինեն Մայքրոսոֆթի ամպային տեխնոլոգիաների վրա և հասանելի կլինեն բոլոր միջին և փոքր բիզնեսների համար:

Ընտրել ենք հենց ամպային տեխնոլոգիաների ներդրումը, քանի որ դա շատ ավելի մատչելի է, չի պահանջում հավելյալ ռեսուրսներ` հարկավոր է միայն ունենալ համակարգիչ և ինտերնետ կապ: Այս ամենից բացի` դրանք շատ ավելի մատչելի են, քան ամբողջական ծրագրային ապահովում ձեռք բերելը: Այս տեխնոլոգիաները ներդրման գործընթացը տեղի է ունենում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և ՀՀ կառավարության հետ համատեղ ջանքերի շնորհիվ:

IMG_1236

– Մի քանի ամիս առաջ հետազոտություն էր կատարվել, ըստ որի Հայաստանում ոչ լիցենզիոն պրոդուկտների տոկոսը շատ բարձր է: Ինչ է անում Մայքրոսոֆթ Հայաստանը այս ուղղությամբ ու պայքարելու ինչ միջոցներ գոյություն ունեն այս պահին:

– Հայաստանում ոչ լիցենզավորված արտադրանքները կազմում են մոտ 86%: Եթե համեմատենք մի քանի տարի առաջ եղած ցուցանիշների հետ, ապա տվյալները չեն փոխվել: Դա պայմանավորված է Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմաններով. մարդկանց համար դժվար է վճարել լիցենզավորված պրոդուկտի համար, ինչպես նաև շուրջբոլորը համատարած ոչ լիցենզավորված ծառայություններ են առաջարկվում: Դեռևս կան համակարգիչներ վաճառող խանութներ, որոնք տրամադրում են ոչ լիցենզավորված ծրագրային սպասարկում: Իրականում սա ոչ այլ ինչ է, եթե ոչ գողություն, քանի որ նրանք գողանում են Մայքրոսոֆթ և ծրագրային ապահովում արտադրող այլ ընկերությունների պրոդուկտները:

Մենք այստեղ խնդիր ունենք նաև մարդկանց մտածելակերպի հետ, քանի որ շատերը մտածում են, որ եթե կա անվճարը, ապա ինչու պետք է վճարեմ: Հենության բարձր մակարդակն ազդում է երկրի վարկանիշի վրա, քանի որ այստեղ առնչվում են հեղինակային իրավունքների պաշտպանվածության, բիզնես միջավայրի ընդհանուր մակարդակ խնդիրները:

Կառավարությունն աջակցում է մեզ ոչ լիցենզավորված արտադրանքի դեմ պայքարում` խրախուսելով մեր աշխատանքը տարբեր խոշոր կազմակերպությունների հետ և կոչ անելով սպառողներին օգտվել միայն լիցենզավորված ծրագրերից: Մենք աշխատում ենք նաև մարդկանց իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, քանի որ ապացուցված է, որ ոչ լիցենզավորված ծրագրային ապահովում ունեցող համակարգչում կա միջինում մոտ 300 վնասակար ծրագիր, վիրուսներ և այլն, որոնք կարող են շատ լուրջ վնաս հասցնել համակարգչին:

IMG_1192

– 2015-ի մայիսի 21-ին Հայաստանի կառավարությունը հուշագիր ստորագրեց Մայքրոսոֆթ Հայաստանի հետ, որով ենթադրվում էր ամպային տեխնոլոգիաների կենտրոնի հիմնումը: Ինչ նորություններ կան այս ասպեկտում:

– Դա պետք է արվեր Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի շրջանակներում, որի հետ համաատեղ սկսել ենք Ամպային լուծումներ բիզնեսների համար ծրագիրը, որի պաշտոնական բացումը կանենք մոտավորապես երկու ամսից: Գաղափարը այն է, որ հավաքենք բոլոր այն խմբերին, որոնց հետաքրքրում են ամպային տեխնոլոգիաները, իսկ հետագայում կփորձենք ստեղծել ավելի ինստիտուցիոնալ մի կառույց, որը կզբաղվի ամպային լուծումների մշակմամբ:

– Ո՞ր սոցցանցերում եք ակտիվ և ի՞նչ կասեք խաղերի մասին:  

– Հաճախ եմ օգտվում Facebook-ից, սակայն հիմնականում աշխատանքային նպատակներով` հետևում եմ օրվա նորություններին, տարածում եմ մեր նորությունները և այլն: Նաև էլփոստն եմ ստուգում, դիտում փաստաթղթերը, եթե համակարգիչ չկա մոտս: Իսկ ինչ վերաբերում է խաղերին, ապա ես չեմ խաղում, սակայն շատ է խաղում իմ տասնամյա դուստրը:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Ձեր բալիկն ակտիվորեն օգտվում է  ժամանակակից տեխնոլոգիաներից:

– Ես շատ դրական են վերաբերվում դրան, գիտեմ, որ այս թեման շատ վիճելի է և շատ ծնողներ սահմանափակում են իրենց երեխաների համար նման սարքեր օգտագործելու ժամանակահատվածը, իսկ շատերը նույնիսկ արգելում դրանց օգտագործումը:

Կարծում եմ, որ նման ծայրահեղ միջոցների դիմելը սխալ է, քանի որ երեխան ցանկանա, թե ոչ, առնչվելու է ժամանակակից տեխնոլոգիաներին և, եթե նա փոքր տարիքից չտիրապետի դրանց և չունենա հիմնական գիտելիքները դրանց մասին, ապա պարզապես ետ կմնա իր հասակակիցներից և ավելի քիչ մրցունակ կլինի հետագայում:

Օրինակ` Հայաստանում մենք ունենք «Մեկ համակարգիչ, մեկ երեխա» ծրագիրը, որի շրջանակներում մենք համակարգիչներ են տրամադրում առաջին դասարանի երեխաներին: Ըստ այդ ծրագրի կանոնների երեխայի կողմից համակարգչի կիրառման ժամանակահատվածը սահմանվել է օրական 20 րոպե: Այսինքն` դպրոցական տարիքից սկսած, կարծում եմ, որ երեխաների կողմից նորագույն տեխնոլոգիաների կիրառումը նորմալ է, եթե որոշակի կերպով սահմանափակվում է այն ժամանակը, որ երեխան անցկացնում է գաջեթների առջև:

– Ինչպե՞ս է ընկալվում ՏՏ ոլորտում աշխատող, ավելին` ղեկավարող կինը:

Կարծրատիպը, որ սա տղամարդկանց ոլորտ է, դեռ կա. հիշում եմ` 2015-ին Վաշինգտոնում հավաք էր, որին հրավիրվել էին առաջատար ՏՏ ընկերությունների ղեկավարները: Միջոցառման խմբակային նկարում կար ավելի քան 50 հոգի, որոնցից կին էին ընդամենը 2-ը:

Հայաստանում կարող եմ ասել` այս կարծրատիպն ավելի թույլ է, ավելի հեշտությամբ է հասարակությունն ընդունում ՏՏ ոլորտի ղեկավար կանանց: