Դիանա Ղազարյանը նշանակվել է Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության ղեկավար

Դիանա Ղազարյանը նշանակվել է Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության ղեկավար։ Այս պաշտոնում Դիանան փոխարինել է Լիանա Կորկոտյանին, ով 2,5 տարի հաջողությամբ ղեկավարում էր կորպորացիայի հայաստանյան գրասենյակը։

Դիանա Ղազարյանն ունի 20 տարվա աշխատանքային փորձ պետական, մասնավոր և միջազգային դոնոր կազմակերպություններում։ Մինչև Microsoft-ում նշանակվելը՝ նա եղել է երկրի առաջատար բիզնես ասոցիացիայի՝ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) գործադիր տնօրեն, որը միավորում է ավելի քան 120 անդամ կազմակերպություններ։

Նախքան AmCham-ին միանալը՝ Դիանա Ղազարյանը 10 տարի զբաղեցրել է տարբեր պաշտոններ աշխարհի առաջատար խորհրդատվական ընկերություններից մեկի՝ Booz Allen Hamilton Inc. ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում։ Նա ղեկավարել է հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը, ներկայացչության կողմից իրականացվող և ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերում ընդգրկված անձնակազմը, ինչպես նաև իրականացրել է Հայաստանում և տարածաշրջանում բիզնեսի զարգացում գործունեություն։ Դիանա Ղազարյանը իր կարիերայի ընթացքում իրականացրել է բազմաթիվ սոցիալ-տնտեսական հետազոտություններ՝ ներառյալ գլոբալ բենչմարքինգի և լավագույն փորձի հետազոտություններ ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ։

Դիանա  Ղազարյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի կոչում տնտեսագիտությունից, ունի MBA դիպլոմ Կենտրոնական Եվրոպական համալսարանից (Հունգարիա), ինչպես նաև Ծրագրերի կառավարման մասնագետի վկայական PMI ինստիտուտից։

«Հպարտ եմ ունենալ հնարավորություն զբաղեցնելու նման բարձր պաշտոն միջազգային նորարարական ընկերությունում, լինել մասնագետների թիմի անդամ, ովքեր իրենց առաջ դնում են հստակ նպատակներ և գտնում դրանց հասնելու համար միջոցներ», – մեկնաբանում է Դիանա Ղազարյանը։

Տիկին Ղազարյանը պաշտոնապես կզբաղեցնի պաշտոնը 2018 թվականի հունիսի 1-ից, իսկ նույն օրվանից Լիանա Կորկոտյանը, ով շարունակում է իր աշխատանքը կորպորացիայում, կզբաղեցնի Microsoft ԱՊՀ-ի Մարկետինգի և գործառնությունների տնօրենի պարտականությունները։