Motorola-ի 3 տպավորիչ նորույթները

Moto X Style

Motorola ընկերությունը, որը նախկինում պատկանում էր Google-ին, իսկ այժմ՝ չինական Lenovo-ին, ներկայացրել է միանգամից երեք նոր սմարթֆոն, որոնք աչքի են ընկնում մատչելի գներով և տեխնիկական հզոր պարամետրերով։

Առաջատար հանդիսացող Moto X Style-ն ունի 5,7 դյույմանոց էկրան՝ Quad HD էկրանով, վեցամիջուկ Snapdragon 808 պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, ստերեոբարձրախոսներ, լուսարձակմամբ դիմային տեսախցիկ, 21 ՄՊ հիմնական տեսախցիկ և արագ լիցքավորվող 3000 մԱ*ժ մարտկոց։

Moto X Style-ը կունենա 16, 32 կամ 64 ԳԲ ներքին հիշողությամբ տարբերակներ, մինչև 128 ԳԲ microSD-ի հնարավորություն։ ԱՄՆ-ում սմարթֆոնը կվաճառվի 400 դոլարով։

Ավելի համեստ Moto X Play մոդելն ունի 5,5 դյույմանոց էկրան՝ Full HD թույլատրելիությամբ, ութամիջուկ Snapdragon 615 պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն (microSD-ով)։ Մարտկոցն ավելի տարողունակ է՝ 3630 մԱ*ժ՝ 21%-ով ավելի, քան Moto X Style-ի դեպքում։ Տեսախցիկների թույլատրելիությունը նույնն է՝ 21 և 5 ՄՊ։ Իսկ գինն ավելի մատչելի է՝ 300 ԱՄՆ դոլար։

Ներկայացվածներից ամենամատչելին թարմացված Moto G-ն է, որն ունի քառամիջուկ Snapdragon 410 պրոցեսոր՝ 1,4 ԳՀց հաճախականությամբ, և LTE Cat 4-ի ապահովում։ Սարքը համալրված է 1 կամ 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և համապատասխանաբար 8 կամ 16 ԳԲ ներքին հիշողությամբ։ Կա նաև մինչև 32 ԳԲ microSD-ի հնարավորություն։

Սմարթֆոնն ունի 13 ՄՊ հիմնական և 5 ՄՊ դիմային տեսախցիկներ։ Մարտկոցը 2470 մԱ*ժ է, իսկ էկրանի չափսն ու թույլատրելիությունը մնացել են նույնը՝ 5 դյույմ, 1280×720 պիկսել։ Այս մոդելը կվաճառվի 180 դոլարով։

Աղբյուրը՝ Motorola