Վահան Մարտիրոսյանը NOKIA-ի ներկայացուցիչներին առաջարկել է R&D լաբորատորիա ստեղծել Հայաստանում

ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այսօր ընդունել է «NOKIA» ընկերության ներկայացուցիչներին՝ Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի հետ հարաբերությունների կառավարման ղեկավար Օլաֆ Շուլցի գլխավորությամբ։

Օլաֆ Շուլցը նախարարին ներկայացրել է վերջին շրջանում ընկերության իրականացրած ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք ընդգրկում են նաև թվային տնտեսության ոլորտը։ Ինչպես նաև, Հայաստանում ընկերության հեռանկարային գործունեությունը և այն ծրագրերը, որոնց ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։

Նախարարը «NOKIA»-ի ներկայացուցիչներին առաջարկել է Հայաստանում, բացի առևտրային ներկայացուցչությունից, R&D (գիտահետազոտական) լաբորատորիա ստեղծել՝ հաշվի առնելով բարձրակարգ մասնագետների և նախադրյալների առկայությունը Հայաստանում։

Վահան Մարտիրոսյանը ցանկություն հայտնեց, որպեսզի ընկերությունը մասնակցի նաև Հայաստանում 5G  ծածկույթ ներդնելու ծրագրին և հույս է հայտնել, որ առաջիկայում «NOKIA»-ի ներկայացվածությունը Հայաստանում կլինի ոչ միայն հեռահաղորդակցության, այլև թվային ենթակառուցվածքների ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ տրանսպորտային թվային համակարգ ներդնելու «NOKIA»-ի փորձը։