Երևանում մեկնարկել է FAST-ի և NSF-ի կազմակերպված մեքենայական ուսուցման թեմայով աշխատաժողովը

Այսօր մեկնարկել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) համատեղ կազմակերպած միջազգային աշխատաժողովը:

Այն անցկացվում է «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» խորագրի ներքո:

Աշխատաժողովի բացմանը  ՀՀ վարչապետ Կարապետյանը իր խոսքում նշել է, որ  FAST-ն իր գործընկերների հետ միասին կարող է ստանձնել ինտեգրատորի դեր՝ ապահովելով գիտության և տեխնոլոգիաների աշխարհի լավագույն կենտրոնների կապը մեր մասնագետների հետ:

«Այսօրվա աշխարհն անցնում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության փուլով: Բեկումնային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, ամպային լուծումները, վերականգնվող էներգիայի ստացման նորագույն մեթոդներն առանցքային տեղ են զբաղեցնում աշխարհն առաջ մղելու գործընթացում: Այս ճանապարհին մեզ համար շատ կարևոր է անհրաժեշտ էկոհամակարգի, ինովացիոն կամպուսների ստեղծումն ամբողջ երկրով մեկ՝ ժամանակակից, տեխնոլոգիական և գիտելիքահեն զարգացում ապահովելու համար: Պետությունը պատրաստ է աջակցել այս գործընթացին իր ողջ ներուժով» – ասել է վարչապետը:

FAST-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանն էլ նշել է, որ փորձելու են Սփյուռքի փորձագիտությունը և երազանքները կապել արդի Հայաստանի իրողության հետ: Իրենց նախաձեռնության հիմնական նպատակից՝ կապեր և համագործակցություն ստեղծելուց բացի, մտածողություն ձևավորելն է, Հայաստանի ինքնատիպությունն ընդգծելն է:

Աշխատաժողովին մասնակցում է տվյալագիտությամբ (Data Science) և հարակից գիտական ճյուղերով զբաղվող ավելի քան 200 հետազոտող: Աշխատաժողովի նպատակն է՝ խթանել երիտասարդ հետազոտողների և նշված ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետների միջև համագործակցությունը:

Աշխատաժողովի ընթացքին ուղիղ եթերում առցանց կարելի է հետևել այստեղ: