OK Go խումբը թողարկել է նոր հոլովակ, որում 500–ից ավելի տպիչ է օգտագործվել (տեսանյութ)

Ամերիկայան OK Go խումբը թողարկել է նոր «Obsession» տեսահոլովակ, որում 567 տպիչ է օգտագործվել։ Հոլովակի ամբողջ ընթացքում հետնապատկերը տպվում է` տպիչների սինքրոնացված աշխատանքի շնորհիվ։ Նշենք, որ տեսահոլովակը նկարահանվել է մեկ դուբլով։

Հոլովակը ստեղծող ճապոնական SIX գործակալության հաղորդմամբ` նկարահանման նախապատրաստական աշխատանքները տևել են 2 տարի։ Հովանավորել է Double A թուղթ արտադրող ընկերությունը։ Ճապնացիները հատուկ ծրագիր են ստեղծել, որով կառավարել են տպիչներն` անհրաժեշտ պատկերները ստանալու համար, որի համար նույնպես բավականին երկար ժամանակ է պահանջվել։

Նշենք, որ OK Go խումբը հայտնի է իր արտասովոր հոլովակներով։ Ավելի վաղ անկշռության պայմաններում նկարահանված տեսահոլովակն էին ներկայացրել։