Մեկնարկել է «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 5-րդ առաջնությունը

Մեկնարկել է «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման ամենամյա առաջնությունը, որի նպատակն է զարգացնել խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ստեղծել նոր բիզնես միջավայր, ՏՏ ոլորտում ունենալ «Made in Armenia» ապրանքային ու դուրս գալ միջազգային շուկա: Առաջնությունը միտված է նաև բացահայտելու տաղանդավոր երիտասարդների և խրախուսելու վերջիններիս շարունակել իրենց գործունեությունը խաղերի ոլորտում:

Առաջնությունը կազմակերպվում է արդեն հինգերորդ անգամ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Օրանժ Արմենիա ընկերության կողմից:

Այս տարի մրցույթում ներկայացված են երկու տարիքային խմբեր՝ մինչև 18 և 18 տարեկանից բարձր: Մինչև 18 տարեկան մասնակիցները կմրցեն հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն խաղ», «Լավագույն դիզայն», «Լավագույն տեխնոլոգիական լուծում», «Ժողովրդական մրցանակ», որն իր մեջ կներառի նաև բոլոր տարիքային խմբերի մասնակիցների քվեարկության արդյունքները: Իսկ 18 տարեկանից բարձր մասնակիցները՝ «Լավագույն խաղ», «Լավագույն տեխնոլոգիական լուծում», «Լավագույն Game Play» (սցենար), «Լավագույն դիզայն» և «Ժողովրդական մրցանակ» անվանակարգերում:

«Այս առաջնությունը նախատեսված է ոչ միայն ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների, այլ նաև երաժիշտների, սցենարիստների, դիզայներների, անիմատորների և այլ մասնագետների համար: Սա հնարավորություն է, որպեսզի տարբեր մասնագետներ միավորվեն և իրենց թիմային աշխատանքի ու հետաքրքիր լուծումների շնորհիվ դուրս գան միջազգային շուկա: Մենք կոչ ենք անում նաև խաղերի ինդուստրիայի խոշոր ընկերություններին նույնպես մասնակցել այս առաջնությանը՝ ոլորտի զարգացմանը նպաստելու համար», – առաջնության բացմանն ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունն անցկացվում է 4 փուլով, որի ընթացքում մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց կողմից նախագծված համակարգչային խաղերը: Փուլ առ փուլ մասնակիցները ժյուրիի օգնությամբ կզարգացնեն իրենց նախագծերը և խաղերի ցուցահանդեսի ժամանակ կներկայացնեն պատրաստի խաղեր:

Տոնելով իր 5 ամյակը՝ այս տարի «Բաց Խաղ» առաջնությունն իր մասնակիցներին հնարավորություն կընձեռի մասնակցել հեքըթոնների, մասնագիտական հանդիպում-քննարկումների: Յուրաքանչյուր փուլի վերջում նախատեսվում է անցկացնել դասընթացներ՝ նվիրված համակարգչային և բջջային խաղերի դիզայնին, նախագծմանը, ինչպես նաև մասնագետների հետ քննարկումներ ոլորտի նորությունների և պահանջների վերաբերյալ:

Գրանցման հայտն անհրաժեշտ է լրացնել www.opengame.am կայքում՝ մինչև հոկտեմբերի 10-ը: