Հոկտեմբերի 24-ին կկայանա «Բաց խաղ» առաջնության հանրային ցուցադրությունը

Հոկտեմբերի 24-ին` ժամը 12:00-17:00-ը, «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում կկայանա «Բաց խաղ» համակարգչային խաղերի և բջջային խաղերի 5-րդ հոբելյանական առաջնության հանրային ցուցադրությունը: Այս մասին հայտարարում են առաջնության կազմակերպիչները և հրավիրում խաղերի ինդուստրիայի բոլոր սիրահարներին ծանոթանալ հայկական արտադրության խաղերին ու քվեարկել լավագույնի օգտին:

«Բաց խաղ» առաջնությունը նպատակ ունի բացահայտել տաղանդավոր երիտասարդներին, զարգացնել խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ՏՏ ոլորտում ունենալ «Արտադրված է Հայաստանում» բրենդ: Առաջնությունը նաև խրախուսում է երիտասարդներին, ստեղծում հնարավորություն շփվելու ՏՏ ոլորտի և հատկապես խաղային ինդուստրիայի մասնագետների հետ, ովքեր ընդգրկված են ժյուրիի կազմում, ստանալ խորհրդատվություն, կիսվել նոր գաղափարներով և այլն:

Vote

Համակարգչային և բջջային խաղերի նախագծման «Բաց խաղ» առաջնությունն անցկացվում է 4 փուլով: Այս տարի առաջնությանը ներկայացվել է 30 նախագիծ, իսկ 4-րդ՝ եզրափակիչ փուլ անցել տասը: Մասնակիցները մրցում են ՝ «Լավագույն տեխնիկական լուծում», «Լավագույն դիզայն», «Լավագույն 2D խաղ», «Լավագույն 3D խաղ», «Հատուկ մրցանակ», «Լավագույն կրթական խաղ» և «Ժողովրդական մրցանակ» անվանակարգերում: «Ժողովրդական մրցանակ» տիտղոսին կարժանանա այն խաղը, որը հանրային ցուցադրության ժամանակ առավել շատ ձայներ կհավաքի, իսկ մնացած անվանակարգերի հաղթողներին կընտրեն պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները: Հաղթողներին սպասվում են մրցանակներ Օրանժ Արմենիա և Huawei ընկերությունների կողմից:

Առաջնության շրջանակներում ստեղծված խաղերը կարելի է գտնել ինչպես opengame.am կայքում, այնպես էլ Google Play-ում և Apple Store-ում: «Բաց խաղ» առաջնությունը 5-րդ տարի անընդմեջ կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ջանքերով: Այս տարի մրցույթի գործընկերն է նաև Huawei ընկերությունը: