Պարիս դե Լէտրազ. Պետք է չվախենալ մեծ գաղափարներից

Դոկտոր Պարիս դե Լէտրազը IE Բիզնես դպրոցի (IE Business School) ձեռնարկատիրության պրոֆեսոր է: Նա ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ներդրումային-բանկային ծառայությունների և վենչուրային կապիտալի բնագավառում:

Այս տարի, նա Երևանում անցկացվող Eurasia Mobile Challenge-ի ժյուրիի կազմում էր ընդգրկված: Արդեն 2-րդ անգամ է, ինչ Հայաստանում է և ինչպես նշեց itTrend-ի հետ զրույցում, ձեռք է բերել մեծ թվով հայ ընկերներ, հասցրել է ներկա գտնվել հայկական հարսանիքների և փոքր ինչ ծանոթ է մեր ավանդույթներին ու մշակույթին և ոչ միայն:

Նրա հետ զրուցել ենք ՏՀՏ ոլորտում գլոբալ թրենդների, Հայաստանում այս ոլորտի զարգացման քայլերի և առհասարակ սթարթափերի հաջողության գաղտնիքների մասին:

Պարիս դե Լէտրազի կարծիքով Հայաստանը տարածաշրջանում մեծ պոտենցիալ ունի ՏՏ զարգացման հարցում: «Այստեղ կան հրաշալի պրոֆեսիոնալներ, դրա հետ մեկտեղ աշխատաշուկան էժան է՝ համեմատած աշխարհում այլ շուկաների հետ: Մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ հազարավոր հայ մասնագետներ տարածված են աշխարհի տարբեր երկրներում, ըստ իս, նրանք կարող են օգնել Հայաստանին, պետք է մտածել նրանց հասնելու մասին»:

Նա առանձնացրեց հիմնական ուղղությունները, որոնց անհրաժեշտությանը կարելի է հանդիպել և՛ Եվրոպայում, և՛ աշխարհի մյուս տարածաշրջաններում:

«Ոչ միայն պետք է փորձել դառնալ աութսորս կենտրոն, այլ հարկավոր է հանդես գալ նոր ինովացիոն մեծ լուծումներով: Հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները սկսեն կենտրոնանալ այնպիսի տեխնոլոգիաների մշակման վրա, որոնք անհհրաժեշտ են այսօր գլոբալ առումով և ունեն մեծ պոտենցիալ ապագայում, ինչպես օրնինակ կիբերանվտանգությունը, մեծ տվյալների ռազմավարության մշակումը, արհեստական ինտելեկտը, մեքենայական ուսուցումը, իրերի ներցանցը (IoT): Ինչպես ես եմ հասցրել հասկանալ այստեղ շատերն են ուզում դուրս գալ ռուսական շուկա և հաստատվել այնտեղ»:

Նա որպես ժյուրիի անդամ ողջունեց նման մրցույթների անցկացումը և սթարթափերի մոտ կարևորում և ուշադրություն է դարձնում ոչ միայն գաղափարին, այլ թիմի անդամներին և մշտապես խորհուրդ տալիս գտնել ճիշտ մենթոր:

«Պետք է տեսնել հնարավորությունները, չվախենալ նորարորությունից ու մեծ գաղափարներից, ինչպես նաև սխալվելուց: Սխալները ընդունել որպես փորձառություն: Պետք է նշեմ, որ հիմա շատ են մենթորները, ամեն մեկը մենթոր է, նրանց ընտրության հարցում հարկավոր է շատ զգուշավոր լինել: Իմ պրակտիկայում ես սովորեցնում եմ սթարթափերներին մտածել ինչպես գործարար, ձեռնարկատեր: Շատերն ունեն իրենց ուժերի հանդեպ անվստահություն կամ էլ ինտրովերտ են: Ես կողմ եմ թեմատիկ անհատական զարգացմանը»:

Հաջողության գաղտնիքը կրթության, համարձակության և լայն մտածելու կարողության մեջ է:

Նշենք, որ արդեն հայտնի են Eurasia Mobile Challenge-ի հաղթողները, նրանց թվում է նաև հայկական EarlyOne-ը, թիմերի ու մրցույթի մասին կարող եք կարդալ այդտեղ:

Նունե Գրիգորյան