PicsArt-ը հայտարարում է iOS ծրագրավորման գործնական դասընթացի ընդունելություն

PicsArt ընկերությունը հայտնում է iOS ծրագրավորման մասնագիտացված առաջիկա դասընթացի մասին և ընդունում մասնակցության հայտեր՝ մինչև օգոստոսի 5-ը։

PicsArt iOS Camp` ծրագրավորման դասընթացը նախատեսված է ուսանողների և սկսնակ մասնագետների համար, որոնք գործնական ու տեսական խորացված ուսուցման շնորհիվ կդառնան iOS օպերացիոն համակարգի` մեծ պահանջարկ վայելող ծրագրավորման մրցունակ մասնագետներ: Ավելին, ծրագրի շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատելու PicsArt առաջատար ընկերությունում:

«PicsArt iOS Camp-ին կարող են դիմել ծրագրավորման փորձ ունեցող ուսանողներ, ծրագրային ինժեներներ, ովքեր ունեն մեծ եռանդ ու հետաքրքրասիրություն սովորելու եւ նոր մասնագիտացում ձեռք բերելու, ինչպես նաեւ ցանկություն՝  PicsArt մեծ ընտանիքի մասնիկը դառնալու համար: PicsArt iOS Camp-ի մասնակիցներին կտրվի բացառիկ հնարավորություն՝ սովորելու տարբեր մայրցամաքներում տեղակայված ավելի քան հազար սերվերների եւ տվյալների չորս կենտրոնների միջավայրում, որը յուրաքանչյուր ամիս մատակարարում է ավելի քան 95 միլիարդ դիմում եւ ունի 10 Pb-ի հասնող թրաֆիկ», – նշում է PicsArt ընկերության տեխնիկական գծով գործադիր տնօրեն Արտավազդ Երիցյանը։

iOS դասընթացին կարող են դիմել ինֆորմատիկայի կամ հարակից գիտությունների մասնագիտացմամբ, C/C++ ծրագրավորման լեզվին տիրապետող եւ անգլերենի իմացությամբ դիմորդները: Դասընթացները կանցկացվեն PicsArt-ի հայաստանյան գրասենյակում եւ կտեւեն 12 շաբաթ: Մանրամասներն ու դիմումի հայտը հասանելի են կայքում:

PicsArt ընկերությունը, մշտապես ընդլայնելով հավելվածի օգտատերերի թիվն ամբողջ աշխարհում, համընթաց քայլերով ընդլայնում է նաեւ պրոֆեսիոնալ աշխատակիցների թիվը: PicsArt-ը սոցիալական մեդիայի խմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակն է՝  ամսական ավելի քան 130 միլիոն ակտիվ օգտատերերով: PicsArt օգտատերերի համայնքը յուրաքանչյուր ամիս ստեղծում եւ սոցիալական ցանցերում տարածում է շուրջ մեկ միլիարդ նկար: PicsArt հավելվածն անվճար է ու հասանելի է 30 լեզվով  iOS, Android եւ Windows սարքերի համար: PicsArt ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում. Հայաստանից բացի գրասենյակներ կան նաեւ Լոս Անջելեսում եւ Պեկինում: