Հայաստանում մեքենայական ուսուցման մասնագետներ են պատրաստվել՝ PicsArt-ի, BetConstruct-ի և Ucom-ի նախաձեռնությամբ

PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել մեքենայական ուսուցման 28 մասնագետների հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը: Հավաստագրերը մեքենայական ուսուցման շրջանավարտներին հանձնել են PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը, BetConstruct ընկերության ինժեներական հարցերով փոխնախագահ Ռաֆայել Մկրտչյանը և Ucom ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

PicsArt-ը BetConstruct և Ucom ընկերությունների հետ համատեղ նախաձեռնել էր Հայաստանում առաջին երկարաժամկետ մեքենայական ուսուցման ծրագիրը։ Վեց ամիս տեւողությամբ դասընթացների նպատակն էր Հայասատանում պատրաստել մեքենայական ուսուցման ու արհեստական բանականության մասնագետներ։ Դասընթացներն անցկացվել են Armenian Code Academy-ի (ACA) հայ և հատուկ արտերկրից հրավիրված մասնագետների կողմից: Հարկ է նշել, որ մեքենայական ուսուցման դասընթացի շրջանավարտներն աշխատանքի են անցել PicsArt, BetConstruct և Ucom ընկերություններում:

Մեքենայական ուսուցումն ու արհեստական ինտելեկտը (ԱԻ) ՏՏ ոլորտի կարևոր ուղղություններից մեկն է, որն ամբողջ աշխարհում զարգացման նոր թափ է առնում։ Հայաստանում ինչպես եւ ամբողջ աշխարհում այդ ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ կա, սակայն մասնագիտացման համար առկա հնարավորություններն Հայաստանում դեռևս սահմանափակ են։

Արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցումը լայն կիրառում են ստացել տնտեսության տարբեր ոլորտներում՝ արդյունաբերական, ֆինանսական, առողջապահական, կրթական եւ այլն։  Ուստի, այս ոլորտի մասնագետների պահանջարկ գնալով աճում է, իսկ ընկերությունները, որոնք կիրառում են այս տեխոնոլոգիաները մրցունակ են նաև միջազգային շուկայում:

PicsArt ֆոտոխմբագրման հավելվածն ու սոցիալական ցանցը ակտիվորեն կիրառում է մեքենայական ուսուցման և ԱԻ-ի տեխոնոլոգիաները, օրինակ՝ ֆիլտրների կիրառման, պատկերների վերլուծման, օգտատերի նախընտրությունները հասկանալու և համապատասխան բովանդակություն տրամադրելու նպատակով:

PicsArt-ը եև իր գործընկերները կարևորում են Հայաստանում այս ոլորտի զարգացումը և կրթական այս նախաձեռնությամբ նպաստում են Հայաստանում արհեստական ինտելեկտի ոլորոտի զարգացմանը: Մեքենայական ուսուցման մասնագետների առկայությունը նոր հնարավորություններ է ստեղծում ինչպես ընկերությունների և տնտեսության զարգացման, այնպես էլ Հայաստանի ՏՏ ոլորտի ապագայի համար։