Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեց ինովացիոն ինկուբատոր

Հունիսի 8-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում (ANEL) Եվրոպական միության «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող «Ճարտարագիտական կրթության ոլորտում ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնում (InnoCENS)» նախագծի շրջանակներում բացվեց «ՀԱՊՀ ինովացիոն ինկուբատոր»-ը:

Կենտրոնի բացմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Ո. Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գ. Վարդանյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը, ՀՀ–ում Եվրոպական միության պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը, «Էրասմուս Մունդուս» ծրագրի համակարգող Էդիթ Սողոմոնյանը և այլք:

Ներկայացնելով InnoCENS ծրագիրը՝ պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը նշեց, որ ծրագրի նպատակն է նպաստել և դյուրացնել բուհ-արտադրություն համագործակցությունը և նորարարական գաղափարների առևտրայնացումը: Նա հույս հայտնեց, որ կենտրոնը կդառնա ստարտափների համար բիզնես աջակցության լայն միջավայր:

Այնուհետև ելույթ ունեցավ Ստանիսլավ Տոշկովը, ով ներկայացրեց, կենտրոնի  առաքելությունը:  Նա նշեց, որ նախագծի նպատակն է նպաստել նորարարական և ձեռնարկատիրական բաղադրիչների զարգացմանը բուհի ուսումնական ծրագրերում, ինչպես նաև ստեղծել բաց հարթակ համալսարանական նորարարական գաղափարների խթանման և առևտրայնացման համար:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Էդիթա Սողոմոնյանը, իսկ Շվեդիայից տեսաուղերձ ունեցավ InnoCENS նախագծի համակարգող Հուաան Ֆանը:

Հաջորդիվ ՀԱՃԼ համակարգող Ամալյա Մխիթարյանը ներկայացրեց նորաբաց ինովացիոն ինկուբատորի բուն նպատակը:

«ՀԱՊՀ ինովացիոն ինկուբատոր»-ի աշխատանքներն ուղղված են լինելու ինչպես երիտասարդների նորարարական գաղափարների աջակցմանը, այնպես էլ բուհ -շուկա հարաբերությունների զարգացմանը: Ինկուբատորի առաքելությունն է աջակցել ստարտափների և նորարար խմբերի բիզնես գաղափարների զարգացմանը հարմարավետ միջավայր, գիտելիքներ, խորհրդատվություն տրամադրելու միջոցով:

Այնուհետև ելույթ ունեցան 3 տարբեր ստարտափների ՝ «Ճամպրուկները տեղափոխող խելացի համակարգ»-ի, «Ղեկին գտնվող մարդկանց համար աչքի դեդեկտոր»-ի և «Այլընտրանքային էներգիայի ստացման ինժեներական սարք»-ի համահեղինակները, ովքեր առաջինն են օգտվելու ինկուբատորի ընձեռած հնարավորություններից:

Աշխարհում բուհական միջավայրն ինքնին արդեն նպաստավոր էկոմիջավայր է նորարարական գաղափարների առաջացման և դրանց իրականացման համար: Այսօր Պոլիտեխնիկում ավելի ու ավելի շատ երիտասարդներ են ձգտում ստարտափ ստեղծել։ Այս կենտրոնի ստեղծումը ինչ-որ չափով կնպաստի բուհի երիտասարդների նմանատիպ երազանքների իրականացմանը: Կենտրոնը հետագայում ավելի ակտիվ գործունեություն կիրականացնի այս ուղղությամբ: