Դրոնների ավանդական դարձած կառուցվածքը բավական հարմար է և չի առաջացնում մեծ բարդություններ դրանք տեղափոխելու համար, այսինքն՝ դրոնները հնարավոր է հեշտությամբ տեղափոխել պայուսակում: Սակայն PowerVision Robot ընկերությունում կարծում են, որ դա այդքան էլ այդպես չէ. դրոններն ունեն բազմաթիվ դուրս ցցված մասեր, որոնք կարող են անհարմարություններ պատճառել տեղափոխման ժամանակ, և անզգույշ տեղափոխման դեպքում դրանք կարող են վնասվել: Այս խնդիրը լուծելու համար Պեկինում տեղակայված ընկերությունը ստեղծել է նոր տեսակի դրոն, որը կոչվում է PowerEgg և ունի ձվաձև կառուցվածք:
Այս սարքը ստեղծելու համար կազմակեպությունից պահանջվել է տասնութ ամիս, և այն ընկերության առաջին դրոնն է, որը կհանվի վաճառքի: Ստեղծողների խոսքերով՝ սարքը ստացել է ձվաձև կառուցվածք ոչ միայն վերջինիս դյուրակրության, այլ նաև կոմպակտ և կայուն լինելու համար: Երբ PowerEgg-ն անջատվում է, այն ավտոմատ ձևով փակվում և ձեռք է բերում ձվաձև կառուցվածք, իսկ այն միացնելու դեպքում միանգամից բացվում է: Սարքը համալրված է 4K HD թույլատրելիությամբ տեսախցիկով, որը կարող է նկարահանում իրականցնել 360 աստիճան դիտանկյամբ:
PowerVision-ը դեռևս չի ներկայացրել նոր դրոնի բոլոր բնութագրիչները, բայց ընկերությունում հավաստիացնում են, որ սարքը բավական թեթև է և կոմպակտ:
Սարքը վաճառվելու է իր կառավարման վահանակի հետ, որը էլ ավելի է հեշտացնելու օգտագործումը:
PowerEgg-ը վաճառքում կհայտնվի այս տարի, իսկ դրա գինը պարզ կդառնա մի փոքր ուշ:
Աղբյուրը` Gizmonews