Kickstarter համաֆինանսավորման հարթակում ներկայացվել է խելացի զարթուցիչ, որն անջատելն այդքան էլ հեշտ չէ։ Առավոտյան բզբզացող կամ սիրելի երգը նվագարկող զարթուցիչն անջատվում է միայն այն դեպքում, երբ սմարթֆոնը տանում եք հարևան սենյակ կամ լոգարան։ Ու որպեսզի սարքը համոզված լինի, որ լիովին արթնացել եք, առաջարկում է մուտքագրել ապաակտիվացման կոդը բջջային հեռախոսի միջոցով։ Ապագայում սարքի ստեղծողները ծրագրում են ներմուծել զարթուցիչի անջատման այլ տարբերակներ ևս։
Զարթուցիչը վարդակից անջատելու դեպքում քնկոտ օգտագործողը չի փրկվի․ այն ունի ներքին կուտակիչ։ Գաջեթն ունի նաև USB-մուտք, այնպես որ գիշերային ժամերին կարելի է լիցքավորել սմարթֆոնը կամ պլանշետը։
IFTTT տեխնոլոգիայի շնորհիվ զարթուցիչը կարող է «ընկերանալ» այլ խելացի սարքերի, օրինակ՝ Philips Hue լամպերի կամ Mr. Coffee սրճեփի հետ։ Վառ լուսավորությունը և թարմ սուրճի հոտն, անշուշտ կօգնեն ավելի հեշտ արթնանալ։
Ramos-ը վաճառքի դուրս կգա 2015-ի ամռանը և կարժենա 130 դոլար։
Աղբյուրը՝ Kickstarter․com