Հայաստանն ու Ռուանդան բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն են սկսում

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը եւ Ռուանդայում տեղակայված Smart Africa կենտրոնը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների, ինժեներության եւ կրթության ոլորտներում։

Հուշագիրը ստորագրվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանի՝ Ռուանդա կատարած այցի շրջանակում՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած պատվիրակության կազմում։

Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում տեղակայված Smart Africa կենտրոն այցի ընթացքում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի եւ Smart Africa-ի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ երկու երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտների զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը։

«Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը կարեւորում է Smart Africa-ի հետ համագործակցությունը, քանի որ այն ազդարարում է Հայաստանի եւ Ռուանդայի միջեւ համատեղ նորարարական եւ հետազոտական ծրագրերի իրականացման, բարձր տեխնոլոգիաների եւ ինժեներության ոլորտներում համագործակցության, համալսարանների միջեւ կապերի խթանման, բիզնես շրջանակների փոխգործակցության, ինչպես նաեւ երկու երկրների տարբեր մարզերում Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների մոդելների ներդրման մեկնարկը»,- ընդգծել է Ամալյա Եղոյանը։

Ռուանդա այցի ընթացքում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավարը եւ պատվիրակության մյուս անդամներն այցելել են Ռուանդայի ցեղասպանության թանգարան, ինչպես նաեւ մասնակցել  Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։