Samsung-ը մշակել է հայացքով կառավարվող դրոն (լուսանկարներ)

Samsung-ը նոր արտոնագիր է ձեռք բերել, որտեղ ներկայացվում է անօդաչու թռչող սարք, որի կենտրոնում տեղադրված է դիսփլեյ և մարդու շարժումները ճանաչող տեսախցիկ։ Հարավկորեացի ինժեներները նշում են, որ սա թույլ կտա ղեկավարել օդում թռչող դրոնը աչքերի, գլխի շարժումով և ձեռքերի ժեստերով։

Ապագա դրոնը կարող է օժտվել նաև GPS–մոդուլով, ճանաչման համակարգը կաշխատի Wi-Fi–ի, գիրոսկոպի, ակսելերոմետրի և շարժման սենսորների հիմքով, ինչպես նաև այն կհամալրվի ձայնի ճանաչման ֆունկցիայով։

Ինչպես ցուցադրված է նկարում, դրոնը կարող է փոխել թեքման անկյունը հենց թռիչքի ընթացքում, որն էլ ավելի ճկուն կդարձնի սարքը հայացքով արդյունավետ կառավարման նպատակով։

DJI ընկերության դրոնների նման, Samsung-ի արտադրանքում կարող է ներկառուցվել խնոչընդոտների հայտնաբերման տեխնոլոգիա, որն էլ հնարավոր կդարձնի անվտանգ և առանց այլ օբյեկտների հետ վթարների թռիչքը։ Samsung-ն այս արտոնագիրը ներկայացրել է դեռևս 2 տարի առաջ։ Նորարար տեխնոլոգիան պաշտոնապես գրանցվել է 2016–ի փետրվարի 13–ին, հայտնում է The Verge-ը։

Այս սարքը կարող է գտնել բազմաթիվ կիրառություններ` իրական ժամանակում նկարը ցուցադրող սելֆի–դրոնից մինչև անհատական գովազդ ցուցադրող սարք։