Santaclaus.am կայքը թույլ կտա իրականություն դարձնել սահմանամերձ գյուղերի երեխաների երազանքները

Բարի Ձմեռ պապ նախագծի շրջանակներում գործարկվել է www.santaclaus.am կայքը, որտեղ տեղադրվում են սահմանամերձ մի շարք գյուղերի երեխաների՝ Ձմեռ պապին ուղղված նամակները: Յուրաքանչյուրն, ով ցանկություն է հայտնում դառնալ Ձմեռ պապ և իրականացնել երեխայի երազանքը, կայքում լրացնում է տվյալներն ու փոխանցում նվերը: Նախագիծն իրականացվում է «Համաչափ զարգացում» Համայնքային զարգացման հկ կողմից 2008 թվականից։

2015թ․ համար աշխատակիցներն արդեն իսկ 300 նամակների հեղինակ երեխաների նվերներով բարձված դեկտեմբերի 27-ին և 28-ին մեկնելու են սահմանամերձ գյուղեր` Ձմեռ պապի առաքելությունն իրականացնելու։

«Մեր ծրագիրն ունի մի քանի նպատակ․ առաջին հերթին ցանկանում ենք պահպանել երեխաների հավատը, սպասումները դեպի լավը, դրականը, այսինքն՝ Ձմեռ պապին ընկալելու ոչ միայն որպես հեքիաթային կերպար, այլ առհասարակ բարի նպատակների իրականացման խորհրդանիշ։ Եվ երկրրորդ՝ ծրագիրն ուղղված է սահմանամերձ գյուղերի երեխաներին, ովքեր, գտնվելով կիսապատերազմական իրավիճակում, հեռու գտնվելով քաղաքի ժամանցի հնարավորություններից, առավել քան այլք կարիք ունեն ջերմության և ուշադրության»,— նշել է «Համաչափ զարգացում» համայնքային զարգացման հկ նախագահ Մակար Եղիազարյանը։