Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] 2015-ի հաղթող դարձավ Հակադրոմ թիմը

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի և Seedstars World ընկերության հետ համատեղ մայիսի 28-ին Վահագնի թաղամասի Արարատ Վալլի քաղաքամերձ ակումբում կազմակերպեցին հետաքրքիր մրցութային օր՝ ՏՏ ոլորտի մասնագետների և ստարտափերի համար։

«Ամպային տեխնոլոգիաները մեծ հետաքրքրություն առաջացրին թիմերի շրջանում, արդյունքում նրանք մշակեցին բազմաթիվ ծրագրեր, որոնք կարող են մրցունակ լինել միջազգային շուկայում», – նշեց Արտաշես Վարդանյանը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրենը։ Հեքըթոն[ՅԱՆ]-ի ընթացքում կազմակերպվեց ամպային տեխնոլոգիաների և ծրագրավորման վերաբերյալ դասընթաց, որից ստացած գիտելիքները մասնակից թիմերը օգտագործեցին լուծումներ մշակելիս։ Մասնակիցները, 6 ժամ աշխատելով իրենց գաղափարների շուրջ, ժյուրի դատին ներկայացրեցին իրենց արտադրանքի նախատիպը։ Առաջին տեղը զբաղեցրեց Հակադրոմ թիմը՝ արժանանալով 650,000 ՀՀ դրամական մրցանակի։ Երկրորդ տեղը, որի մրցանակը կազմում էր 350,000 ՀՀ դրամ, զբաղեցրեց  PaxIT թիմը։  Երրորդ տեղը զբաղեցրեց dHunt թիմը՝ ստանալով արժեքավոր մրցանակ։ Միջոցառման հովանավոր Թի-Էս-Դի ընկերությունը սահմանել էր հատուկ մրցանակ՝ 1,500 ԱՄՆ դոլար, որին արժանացավ Մակրոսոֆթ թիմը։

Միջոցառման երկրորդ մասը նշանավորվեց Seedstars միջազգային մրցույթի Երևանյան փուլով, որը նախատեսված էր կայացած ստարտափերի համար։ «Seedstars World-ը մի հարթակ է, որը կապ է ստեղծում ներդրողների և նորաստեղծ ստարտափերի միջև՝ գրավելով Սիլիկոնե հովտում և արևմտյան Եվրոպայի խոշոր ներդրողների ուշադրությունը։ Մեկ տարվա մեր փորձառությունը ցույց տվեց, որ զարգացող երկրներում ամենամեծ արդյունքների կարելի է հասնել խրախուսելով և ներդրումներ անելով ձեռնարկատիրության մեջ»,- նշեց Ալիզ Դե Տունակը՝ Seedstars World-ի գործադիր տնօրենը։ Միջոցառման ընթացքում 35 հայցադիմումներից ընտրված 12 ստարտափերը ներկայացրեցին իրենց արտադրանքը միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ Հայաստանը 2016 թ․ Շվեցարիայում կայանալիք  Seedstars World-ին կներկայացնի Eye Care Plus ստարտափը։