Իգոր Օվչարենկո. ինչ անել` SeedStars-ի մրցույթում հաղթելու համար

Հեռախոսի մոդելը` iPhone SE

Սիրելի հավելվածները` Google Maps, WhatsApp, Reminders

Սիրելի բջջային խաղեր`չի խաղում

Հաջողության բանալին ` լինել բաց ու անկեղծ

Հայկական ստարտափ ընկերությունները հնարավորություն ունեն ստանալ 500.000 ԱՄՆ դոլար, եթե հաղթեն Seedstars մրցույթի համաշխարհային փուլում: Հայաստանում մրցույթը կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ, և երևանյան եզրափակիչը տեղի կունենա հունիսի 25-ին: Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 66 թիմ: Հիշեցնենք, որ  SeedStars 2014 երևանյան փուլում հաղթել էր Sololearn-ը, իսկ 2015-ին` Eye Care Plus-ը:

Թե ի՞նչ է պետք անել մրցույթում հաջողելու ու պրոդուկտը Շվեցիարիայում անցկացվող համաշխարհային փուլին ներկայացնելու համար, itTrend.am-ի հետ զրույցում պատմեց SeedStars-ի տարածաշրջանային մենեջեր Իգոր Օվչարենկոն:

– Ի՞նչ են ստանալու Seedstars-ի հաղթողները` բացի 500.000 դոլար գլխավոր մրցանակից: Ի՞նչ նոր դռներ կբացի մրցույթը նրանց համար:

– Բացի $500 հազար դոլար ներդրումից` հաղթողը կստանա.

  • Տարածաշրջանային 5-օրյա համաժողովին մասնակցելու հնարավորություն (all-inclusive), որը կանցկացվի դեկտեմբերին ու մեկ հարկի տակ կհավաքի Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների հաղթողներին, ներդրողներին և այլն:
  • Մեր կողմից թողարկված աքսելերացիոն ծրագրի մասնակցելու հնարավորություն:
  • Շվեյցարիայում մեկշաբաթյա միջոցառմանն ու եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն  (all-inclusive):
  • Կապ հաստատելու հնարավորություն մեր ցանցի ձեռնարկատերների, ներդրողների, աքսելերատորների, ինկուբատորների հետ: Այս համայնքը կազմված է մոտ 10000 մարդկանցից:
  • Լուսաբանում տեղական ու միջազգային լրատվամիջոցների կողմից:
  • Կապ հաստատելու հնարավորություն մեր ներդրողների բանկի 500 ներդրողների հետ:
  • Մեր կորպորատիվ գործընկերների կողմից ներդրում ստանալու հնարավորություն:

– Seedstars-ն անցկացվում է նաև մեր հարևան երկրներում, մասնավորապես Ադրբեջանում ու Վրաստանում: Ի՞նչ տարբերություններ ու նմանություններ եք տեսնում հայկական, ադրբեջանական ու վրացական ստարտափների միջև:

– Գլխավոր տարբերությունն այն է, որ հայկական ստարտափների մեծ մասը թիրախավորված են մեծամասշտաբ շուկաների վրա, մինչդեռ ադրբեջանական ու վրացական ստարտափները զբաղվում են ավելի լոկալ պրոդուկտներ ստեղծելով:

Նմանությունն այս երեք ազգերի մոտ խանդավառ, հավակնոտ տրամադրվածությունն է, նրանց չի կանգնեցնում միջազգային շուկայում առկա մրցակցությունը, նրանя չեն վախենում մրցել աշխարհի խոշորագույն ընկերությունների հետ ու առաջին իսկ տարում առյուծի բաժին վերցնել շուկայում:

– Կասե՞ք` որոնք են այն երեք կարևոր բաները, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր ստարտափ` Seedstars-ի գլխավոր մրցանակը ստանալու համար:

  1. Մասշտաբային պրոդուկտ,
  2. Ուժեղ թիմ,
  3. Իր հետևից տանելու ուժ:

Հաղթողի անցած ճանապարհը մոտավորապես այս տեսքն ունի.

  • հաղթել մրցույթի տեղական փուլում,
  • մասնակցել տարածաշրջանահին համաժողովին,
  • մասնակցել աքսելերացիոն ծրագրին,
  • մասնակցել Շվեյցարիայում եռօրյա bootcamp-ին,
  • հայտնվել TOP 15 ստարտափների ցանկում, որոնք կցուցադրեն իրենց նախագիծը գլխավոր բեմում,
  • համոզել ժյուրիին, որ հենց Ձեր պրոդուկտն է արժանի մրցել զարգացող երկրներից ներկայացված 65+ լավագույն ստարտափների հետ:

– Ի՞նչպես եք գնահատում հայկական ստարտափների մրցունակությունը, Ձեր կարծիքով` ի՞նչ թերություններ ունեն նրանք:

– Կարծում եմ` ցանկացած զարգացող երկրում ծնված ստարտափներին պակասում են մենթորությունն ու միջազգային բիզնես վարելու փորձը: Պակասում են նաև smart money ներդրումները:

– Որո՞նք են այս տարի մրցույթին մասնակցող ամենահաջող ստարտափները:

– Իրականում ուշադրությունս գրավել են մի քանի նախագծեր, որոնք ընտրվել են լավագույն 12 ստարտափների ցանկում: Նրանք բոլորը ելույթ կունենան հունիսի 25-ին, իսկ մինչ այդ, իհարկե, չեմ կարող բացել փակագծերը: Բոլորին հայտնի PicsArt, Pixlr և DevianArt ստարտափներից բացի, կնշեմ հայկական ggTaxi, Renderforest, Joomag, GetTreated, Sololearn ընկերությունները: Չմոռանամ նաև Reddit-ը, որի հիմնադիրը հայազգի Ալեքսիս Օհանյանն է:

– Հայկական ո՞ր ստարտափների ծառայություններից եք օգտվում անձամբ Դուք:

Առայժմ միայն ggTaxi-ից, քանի որ Uber-ը դեռ չի գործում Հայաստանում 🙂

– Ի՞նչ կցանկանաք Seedstars Yerevan 2016-ի մասնակիցներին:

Ստարտափներին մաղթում եմ, որպեսզի կարողանան ցույց տալ այն ամենը, ինչին ընդունակ են, իսկ ժյուրիին` սառը դատողություն հաղթողին ընտրելիս: Միջոցառման մասնակիցներին էլ հաճելի ժամանց ու օգտակար կապերի հաստատում:

SeedStars-ի տեղական փուլը Երևանում կազմակերպում են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM ինֆորմացիոն տեխնոլոգիաների և լուծումների կենտրոնի հետ համատեղ: