Seedstars սթարթափների մրցույթն ընդունում է հայտեր

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է Seedstars միջազգային մրցույթի տեղական փուլը, որին կարող են մասնակցել ցանկացած ոլորտում նորարարական լուծում ներկայացնող թիմերը։

«Seedstars Երևան» սթարթափների մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ այստեղ ` մուտքագրելով SSW_Yerevan_2017 կոդը։ Հայտը պետք է ուղարկել մինչև սեպտեմբերի  19-ը:

Դիմում-հայտ կարող են ներկայացնել զարգացման տարբեր փուլերում գտնվող ստարտափեր, ինչպես նաև արդեն պատրաստի պրոդուկտ առաջարկող թիմեր։

Լավագույն 12 ստարտափերը կմասնակցեն «Seedstars-Երևան» սթարթափերի տեղական փուլին, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին: Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնելու իր պրոդուկտը Շվեցիարիայում կայանալիք Seedstars համաշխարհային մրցույթին, որի հաղթողը կստանա մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում:

Տարածաշրջանային հաղթողները կստանան տարբեր մրցանակներ՝ այդ թվում մենթորների, հաջողակ ձեռներեցների և այլ ներդրողների կողմից խորհրդատվություն, մասնակցություն աքսելերացիայի ծրագրերում և այլ ծառայություններ:

Seedstars World-ը սթարթափների բացառիկ մրցույթ է արագ զարգացող շուկաների և ձեռնարկատիրական էկոհամակարգերի համար։ Մրցույթի միջոցով կապ է ստեղծվում ներդրողների և նորաստեղծ ստարտափերի միջև՝ գրավելով Սիլիկոնյան հովտում և Արևմտյան Եվրոպայում գործող խոշոր ներդրողների ուշադրությունը։

Նշենք, որ նախորդ տարիների տեղական փուլի հաղթող թիմերի համար միջազգային փուլը կարևոր նշանակություն է ունեցել իրենց պրոդուկտի առաջխաղացման համար։ 2015թ․ի հաղթող SoloLearn ընկերությունը ընդգրկվել է լավագույն տասնյակում և գրավել բազմաթիվ ներդրողների ուշադրությունը, ինչից հետո թիմը կարողացել է ներգրավել մեծ ներդրումներ, իսկ ներկայումս ունի 3 միլիոնից ավել օգտատերեր։

Մրցույթի տեղական փուլի կազմակերպման հովանավորներն են ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում։