Սմարթֆոնները շեղում են թե´ վարորդներին, թե´ հետիոտներին

State Farm ապահովագրական ընկերությունը վերջերս անցկացրել է մի հետազոտություն և պարզել, որ 2009 թվականի համեմատ վարելու ընթացքում իրենց հեռախոսներով խոսող մարդկանց թիվը կրճատվել է: Այնուամենայնիվ, այն մարդկանց թիվը, ովքեր վարելու ընթացքում հաղորդագրություններ են գրում համացանցում, 5  տոկոսով աճել է` կազմելով 36% նույն ժամանակահատվածի համեմատ:

Հետազոտության արդյունքում պարզ է դարձել նաև, որ այն վարորդների 48%-ը, ովքեր հաղորդագրություն են գրում վարելու ընթացքում, կդադարեն անել դա, եթե իրենց վատ սովորության պատճառով ավտովթար լինի, իսկ հարցվածների 36%-ը նշել է, որ կդադարի ղեկին նստած ժամանակ հեռախոսից օգտվել, եթե տուգանվի ոստիկանների կողմից:

ԱՄՆ-ի 46 նահանգներում գործում են օրենքներ, որոնք արգելում են վարորդներին ընթացքի մեջ գտնվելիս հաղորդագրություններ գրել: 14 նահանգում արգելվում է վարելիս ձեռքում սմարթֆոն կամ այլ բջջային սարք պահել:

Սմարթֆոնները բացասական ազդեցությունն են ունենում նաև հետիոտների վրա: Ամերիկայի օրթոպեդների ակադեմիայի ներկայացուցիչ Ալան Հիլիբրենդն (Alan Hilibrand) ասում է, որ իրենց կողմից անցկացված հարցումը պարզել է, որ մասնակիցների 90%-ը տեսել է մոլորված մարդկանց, որոնք աննպատակ քայլում են պտույտներով` միաժամանակ խոսելով հեռախոսով: Մասնակիցների 64%-ը բնութագրում է նման մարդկանց որպես «անջատվածներ»: Այս ամենն ամբողջացնելով` հետազոտողները կոչ են անում հետիոտներին առավել զգոն լինել, մի կողմ դնել իրենց սմարթֆոններն և ուշադրություն դարձնել շրջակայքում կատարվող իրադարձությունների վրա:

Աղբյուրը` Phonearena