Smashies. hայկական Plexonic-ը թողարկել է նոր խաղ

Սոցիալական և բջջային խաղերի ծրագրավորմամբ զբաղվող հայկական Plexonic ընկերությունը թողարկել է նոր Smeshies խաղը ֆրանսիական WHAT (games) մոբայլ խաղերի հրատարակիչ ընկերության հետ։

Ընկերությունից itTrend.am-ին հայտնեցին, որ Smashies խաղի գաղափարը ձևավորվել է իրենց ստեղծած Up, Ball, Up և Versus Run խաղերի գործարկումից որոշ ժամանակ անց.

«Որոշ տարրերի համադրումից և ստեղծագործական մտագրոհի արդյունքում առաջացավ նոր, առավել ինտերակտիվ խաղ ստեղծելու գաղափարը: Թիմը բավականին ոգևորված էր, քանի որ սիրով են աշխատում super casual ոճի խաղերի վրա և այստեղ մեծ է ստեղծագործականության տարրը»:

Խաղն ընթանում է անընդմեջ գոյատևման ռեժիմում: Խաղացողը պետք է փորձի առաջ տանել smashie-գնդակը ճանապարհին հաղթահարելով տարբեր արգելքներ և հավաքել միավորներ: Հավաքված միավորներով հնարավորություն է առաջանում ազատել նոր գնդակներ և փոփոխել խաղի կերպարին: Հիմնական առաքելությունն է ազատել 29 գնդակներն ու հասնել բուրգեր գնդակին և ուտել այն: Երբ խաղացողը դիպչում է գունավոր բլոկ-խոչընդոտներին, խաղը վերսկսում է։

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձրել փուլերի ձևավորմանը. Խաղը սկսում է համեմատաբար դյուրին փուլերով, որոնց հաջորդում են բարդ, կոմպլեքսային խոչընդոտներ: Այսպես խաղացողն անցնում է սովորեցման փուլերով և կարողանում է նոր փորձի ժամանակ ավելի շատ միավորներ հավաքել»,–հայտնեցին ընկերությունից։

Խաղը հասանելի է Android ու iOS հարթակներում։

https://www.facebook.com/plexonic/videos/10156217514829767/

 

Plexonic-ը արդեն իսկ թողարկել 45 անուն խաղ, որոնք ունեն միլիոնավոր ներբեռնումներ: Առաջիկայում նախատեսվում է ինչպես նոր խաղերի թողարկում, այնպես էլ նշանակալի թարմացումներ արդեն իսկ հասանելի խաղերից մի քանիսում: Բացի խաղերի ծրագրավորումից կազմակերպությունը նաև զբաղվում է  SALTR պլատֆորմի մշակմամբ, որը թույլ է տալիս իրական ժամանակում փոփոխություններ իրականացնել խաղերում և այլ հավելվածներում: Նախատեսվում է վերջինիս նախագծային ընդլայնում:

Նունե Գրիգորյան