Sony-ն կարող է լքել սմարթֆոնների արտադրության շուկան

Ճապոնական Sony ընկերությունը հնարավոր է՝ հրաժարվի սմարթֆոնների արտադրությունից: Բանն այն է, որ ընկերությունն արագ տեմպերով կորցնում է գաջեթների վաճառքից ստացվող եկամուտները, գրում է Gizchina-ն:

Եթե 2018 թվականին ընկերությունը վաճառել է շուրջ 1 միլիոն Xperia սմարթֆոն, ապա հետագայում ամեն բան այդքան էլ բարեհաջող չի ընթացել:

Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը վաճառել է 900 հազար գաջեթ, իսկ երկրորդ եռամսյակում՝ ընդամենը 600 հազար:

2017 թվականին ընկերությունը վաճառել է 13,5 միլիոն սմարթֆոն, մեկ տարի անց՝ արդեն 2 անգամ պակաս՝ 6,5 միլիոն: 2019 թվականի համար կանխատեսումները մխիթարական չեն. սպասվում է սմարթֆոնների վաճառքի աղետալի անկում՝ շուրջ 2,5 միլիոն:

Sony-ի բջջային ստորաբաժանումն, ընդհանուր առմամբ, ավելի քան 835 միլիոն դոլարի կորուստ է ունեցել:

Փորձագետները գտնում են, որ Sony-ն պետք է փոխի ռազմավարությունը՝ իրավիճակը շտկելու համար: Շատերը համոզված են, որ ընկերությունն ամբողջովին կարող է հրաժարվել սմարթֆոնների արտադրությունից՝ ջանքերն ուղղելով դեպի բիզնեսի այլ ոլորտներ:

Ճապոնական հանրահայտ ընկերությունն արդեն հայտարարել է, որ լքում է սմարթֆոնների ամենամեծ շուկաներից մեկը` հնդկականը: