Հայտնի է դարձել Space Apps Challenge 2016-ի հաղթող թիմը

Երեկ` ապրիլի 23-ին, ավարտվեց NASA Space Apps Challenge մրցույթը, որն ամբողջ աշխարհով մեկ անցկացվում էր արդեն հինգերորդ անգամ, իսկ Հայաստանում՝ առաջին անգամ: Հիշեցնենք, որ այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի հյուրընկալը և կազմակերպիչը X-Tech Creative Studios ընկերությունն էր: Միջոցառումը մեկնարկել էր ապրիլի 22-ին և տևեց ուղիղ 24 ժամ` մինչև ապրիլի 23-ի առավոտյան ժամը 12-ը, որից հետո թիմերը ներկայացրին իրենց արած աշխատանքները: Մրցույթը անցկացվում էր Բյուրականում:

Ներկայացումների ավարտից հետո պարզ դարձան հաղթողները:

3-րդ տեղը գրավեց Ultimate Space Simulator նախագիծը, որը Unreal Engine 4-ի միջոցով ստեղծել էր ճանապարհորդություն դեպի Մարս սիմուլացիա, գաղափարը 3D միջավայրում Մարսի վրա կոլոնյա ստեղծելն էր և սիմուլացիա կազմակերպելը:

2-րդ տեղում PEPERONI թիմն էր, որը ներկայացրել էր 2 նախագիծ.

  1. Դրոնների կառավարման տեղեկատվական հարթակ՝ դրոնների անվտանգ թռիչքը ապահովելու համար:
  2. Հատուկ երաժշտական հավելված՝ տիեզերագնացների սրտի աշխատանքը մոնիտորինգ անելու համար:

1-ին պատվավոր տեղում MARS LIVE նախագիծն է: Թիմն իր գաղափարն իրականացրել էր «Ճանապարհորդություն դեպի Մարս» թեմայի շրջանակներում: MARS LIVE-ը ներկայացրել էր մոբայլ հավելված, որը թույլ է տալիս սիմուլացիա անել մարդկանց կոլոնիան Մարսի վրա:

GPS համակարգի համադրումով օգտվողը տեսնում է իր դիրքը Մարսի վրա, կարող է ստանալ և կատարել առաջադրանքներ, հաղորդակցվել այլ մարդկանց հետ, որոնք օգտվում են հավելվածից: Հավելվածն օգտվում է մի շարք API-ներից և հավելվածի մեջ հավաքում մեծ քանակությամբ անհրաժեշտ ինֆորմացիա:

MARS LIVE հավելվածը շուտով կթողարկվի Google Play Store-ում:

Առաջին տեղ գրաված թիմը ստացավ մրցանակներ միջոցառման տեխնոլոգիական հովանավոր SoftLine Armenia ընկերության կողմից`  Samsung Galaxy S7 և Gear VR վիրտուալ իրականության ակնոցներ:

ittrend.am-ի հետ զրույցում X-TECH Creative Studios հիմնադիր տնօրեն Արման Աթոյանը նշեց, որ ընկերությունն ամեն-ինչ կանի, որպեսզի SpaceApps Armenia դառնա ամենամյա մրցույթ: