#SSS19. Սևանի ափը ստարտափաշատ է

-Ողջույն, ես Հայկն եմ (Լիլիթը, Արմանը, Կարենը) և դուք կարող եք մոտենալ ինձ ցանկացած հարցով։

Սրանք առաջին բառերն են, որոնցով արդեն 3 տարին անընդմեջ ազդարարվում է Sevan Startup Summit-ի ոչ պաշտոնական մեկնարկը և օգնող թիմը ինքն իրեն ներկայացնում է մասնակիցներին։

Հայկը, ով առաջիկա մեկ շաբաթը լինելու է բիզնես ֆորումի վրանային տարածքում մասնագիտական ուղղություն և օգնություն է ցույց տալու AR և VR տեխնոլոգիաներով ներկայացող ստարտափներին, կիսվելու է իր փորձառությամբ։ Պատահական չի հայտնվել Sevan Startup Summit բիզնես ֆորումում․ 2016-ին, երբ առաջին անգամ էր անցկացվում միջոցառումը, Հայկն ու իր թիմը ներկայացնում էին համալրված իրականության (AR) հարթակ։ Վերադառնալով ոչ այնքան հեռու անցյալ՝ 2016 թվական, Հայկը նշում է, որ Summit-ը երեք տարիների ընթացքում անասելի կատարելագործվել է, իսկ այստեղ ստացած գիտելիքներով ու փորձով կատարելագործվել են նաև իրենք և 2017-ին վերադառնալով Սևանի ափ՝ իրենց հետ տարել են հաղթողի դափնին։ Հայկը նաև անկեղծորեն նշում է՝ մրցանակային ֆոնդը ամենակարևորը չէ, 2016-ին այստեղ հայտնվել էին ավելի շատ սովորելու ու հմտություններ ձեռք բերելու համար։ Գիտելիքների ու հմտությունների հետևից են եկել ոչ միայն իրենք, այլ նաև այս տարվա մասնակիցները։

Վրեժ Առաքելյանն ու Մհեր Երզնկանյանը Sevan Startup Summit-ին ներկայացել են Smart Green ջերմոցների մոնիթորինգի ավտոմատացված համակարգով։ Տղաները ունեն համակարգի դեռևս նախատիպային փոքրիկ տարբերակը և իրենց ստեղծագործության կարողությունների մասին պատմում էին՝ առաջին պաշտոնական օրվա նախապատրաստվելով՝ կարգի էին բերում իրենց նախագիծը։ Տղաների խոսքով, չնայած նման համակարգեր շատ կան, բայց իրենցը տարբերվում է՝ նախ աշխատում է ինտերնետ կապով և հնարավոր է հետևել ջերմոցի աշխատանքին աշխարհի տարբեր անկյուններից՝ ունենալով միայն հավելված և ինտերնետ, բացի այդ՝ համակարգի տրամադրումը բավական մատչելի կլինի՝ ամսական մոտ 15 հազար դրամ։ Նախագիծը այս տարբերակով կյանքի է կոչվել մեկ տարում։ Sevan startup summit-ին մասնակցելով՝ թիմը անհանգստանում են ոչ այդքան հաղթելու, ինչքան ճանաչում ձեռք բերելու մասին։

Ստարտափենրը տարբեր են՝ նպատակներն ու ակնկալիքները՝ ավելի։ Flip team-ը օրինակ՝ բացի հաղթելուց, նպատակդրվել է նաև ստարտափը զարգացնելու համար հմտություններ ձեռք բերել ու կարծիքներ լսել իրենց նախագծի մասին։ Հարթակը ավտոմատացված համակարգ է, որը լուծում է HR-ի հետ կապված բոլոր խնդիրները։ Համակարգում կարելի է գրանցել աշխատակիցների մասին տվյալներ ու չանհանգստանալ, որ մի օր HR մասնագետւի հեռանալուն պես՝ բոլոր տվյալները կհեռանան նրա հետ։ Հարթակը նախատեսված է մեծ կոմերցիոն կազմակերպությունների համար, ովքեր ունեն շատ աշխատակիցները։ Թեստավորումը լավ է անցել, բայց շուկա հանելուն դեռ շատ կա՝ անավարտ է։ Աշխատանքը ավարտին հասցնելու համար թիմին անհրաժեշտ է մոտ 25-30 հազար դոլար գումար։

Sevan Startup Summit-ն արդեն անցկացվում է երրորդ անգամ ու մինչև այսօր մասնակցել են 2000-ից ավել ստարտափ հիմնադիրներ և գործարարներ։ Այս տարի մրցանակային ֆոնդից բացի կլինի նաև երաշխավորված 100,000 ԱՄՆ դոլար ներդրումային ֆոնդ «Սիսայդ Ստարտափ Հոլդինգս»-ի կողմից։ Ներդրումների թիվը մոտ 1 մլն դոլար է։ Sevan Startup Summit-ը անցնացվելու է հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը։

Սյուզան Թոսունյան