Armnet 2015. ինչպես ձախողել ձեր հաջորդ ստարտափը

Armnet 2015 կոնֆերանսին ելույթով հանդես եկավ GENO6-ի ծրագրերի ղեկավար Արման Քուչուկյանը՝ խոսելով ստարտափների մասին։ Լինելով մի քանի ստարտափների հիմնադիր՝ Քուչուկյանն անդրադարձավ այն սխալներին, որոնք հանգեցնում են ստարտափի ձախողմանը։

«Ստարտափի հիմնադիրը պետք է առաջին հերթին հիշի, որ ամեն մի ստարտափը չէ, որ կարող է փոխել աշխարհը, այն պարզապես պիտի կարողանա լուծել ինչ-որ խնդիր, առաջարկել ավելի հարմար լուծում»,-ասաց Արմանը։

Ըստ նրա՝ պետք է նախևառաջ ուսումնասիրել շուկան, առանձնացնել թիրախային խումբը կամ խմբերը, հարցումների միջոցով պարզել՝ արդյո՞ք իրականում խնդիրը գոյություն ունի  և օգտագործողները ձգտո՞ւմ են լուծել այդ խնդիրը՝ պատրաստ լինելով վճարել առաջարկվող լուծման դիմաց։

Մասնագետը խորհուրդ տվեց հաջորդ քայլով փնտրել գործընկերներ։ «Ստարտափի հիմնադիրը պետք է ամեն ինչից տեղյակ լինի, անընդհատ փորձի արտադրանքը, գործը հաջողության չի հասնի, եթե նա, հույսը դնելով աշխատակիցների վրա, մի կողմ քաշվի»,-ավելացրեց նա։

Արմանի խոսքով՝ եթե վախենում ես ձախողվել, ավելի լավ է չսկսել նման նախաձեռնություն։ Պետք է սկբից ևեթ գիտակցել, որ առջևում լինելու են շատ դժվար պահեր։ Բացի այդ՝ դժվարությունների հանդիպելու դեպքում չպետք է պատժել աշխատակիցներին, քանի որ դրանից հետո նրանք պարզապես կխուսափեն հայտնել խնդիրների մասին։ Ըստ Արմանի՝ հաջողության հասնելու գրավականներից մեկը ժամանակին, բայց փաստերի վրա հիմնված որոշումներ կայացնելն է։

Արման Քուչուկյանն այժմ GENO6 / Maeutica բրենդային գործակալության ծրագրերի ղեկավարն է, իսկ նախկինում աշխատել է Synopsys և Deem Communications ընկերություններում։