Հայկական սթարթափերի մասնակցությունն ու ձեռքբերումները «StartupIstanbul» մրցույթում

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է շատ լինեն ոչ միայն տարածաշրջանում, այլև իրականացվեն Հայաստանում: Մեր կառավարությունն այնպիսի ծրագրեր պետք է իրականացնի, որ օտարերկյա ներդրողները Հայաստանում ներդրումներ անեն»,- ասում է LiTech նորաստեղծ ընկերության ներկայացուցիչ Ժորժ Սեյրադարյանը «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին մասնակցության ընթացքում:

Ժորժը ևս 9 հայկական սթարթափերի ներկայացուցիչների հետ միասին 2016 թ. հոկտեմբերի 6-10-ը բացառիկ հնարավորություն ունեցավ մասնակցելու «StartupIstanbul» հեղինակավոր տեխնոլոգիական միջոցառմանը՝ Հանրային լրագրության ակումբի (Հայաստան) եւ ՏԵՊԱՎ հիմնադրամի (Թուրքիա)՝ «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի միջոցով:

Հայաստանյան մասնակիցները հեղինակավոր «StartupIstanbul» տեխնոլոգիական միջոցառմանն իրենց մասնակցության կարևորության մի քանի հիմնական առանձնահատկություններ են նշում՝ միջոցառման մաշտաբայնությունը, ներդրողների հետ անմիջական շփումը, գործարար կապերի հաստատումը, մենթորների խորհրդատվությունները և դասախոսություններին ներկա լինելը:

«Ես պրակտիկորեն 2 րոպե առաջ զրուցում էի Շրի Լանկայի ներկայացուցչի հետ, որը հետաքրքրություն հայտնեց մեր հավելվածի կիրառության հարցում, կարծում եմ՝ որևէ այլ հարթակում Շրի Լանկայի բիզնես ներկայացուցչին հանդիպելու հնարավորություն չէի ունենա»,- իր տպավորություններն էր փոխանցում HurryApp ընկերության ներկայացուցիչ Հրաչուհի Բարսեղյանը:

startup_istanbul

Տարածաշրջանում առաջատարը համարվող այս ֆորումը Մերձավոր Արևելքի, Արևմտյան Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների «հրեշտակ» ներդրողների, ձեռնարկատերերի, վենչուրային կապիտալիստների և առաջատար սթարթափերի մասնակցությամբ տեղի ունեցող բացառիկ հավաք է, որտեղ տարածաշրջանի տարբեր երկրների սթարթափեր հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց նորարարական բիզնես գաղափարները, դրանց իրականացման վերաբերյալ տարբեր միջազգային փորձագետներից ստանալ խորհուրդներ և ներդրողների հետ հաստատել գործարար կապեր:

Հայաստանյան երկու սթարթափեր՝ Skycryptor-ն ու Earlyone-ը, միջոցառման ընթացքում առանձնացան իրենց հաջողությամբ: Միջոցառման հեղինակավոր մենթորների կողմից ընդգրկվեցին լավագույն 50-ի ցանկում և հոկտեմբերի 8-ին բեմից իրենց գաղափարները ներկայացրեցին ներդրողներին:

Skycryptor նորաստեղծ ընկերության հիմնադիր Արամ Ջիվանյանը հաղթահարեց նաև մրցույթի հաջորդիվ փուլը և հայտնվեց լավագույն 15 սթարթափերի շարքում` հոկտեմբերի 10-ին՝ եզրափակիչ փուլին, ավելի քան 4000 հյուրերին ներկայացնելով գաղափարն ու սթարթափը:

Արամ Ջիվանյանը «StartupIstanbul»-ին մասնակցությունն անգնահատելի փորձ է համարում: Նա նշում է, որ արդեն բիզնես կապեր է հաստատել այն անձանց հետ, որոնց հետ ցանկանում էր համագործակցություն ստեղծել:

Արամն ընդգծում է նաև միջոցառման շրջանակներում դասախոսությունների անցկացման դերը. «Ես ներկա եմ եղել 2 հետաքրքիր դասախոսության, ուղղակի նման մարդկանց լսելու առիթ ամեն օր չես ունենում, որը շատ ուսուցանող է»:

ArmNomads-ի ներկայացուցիչ Արթուր Կարոյանը, տպավորված Twitter-ի փոխնախագահի ելույթով, ասում է, որ իրենից կարելի էր սովորել, թե ինչպես պետք է պահել բեմում, ինչպես տոնայնություն փոխել, ինչ ժեստերով ուժեղացնել արտահայտած միտքը: « StartupIstanbul-ը բազմակուլտուրական հարթակ էր, շատ լավ մթնոլորտ էր ստեղծված networking-ի համար»,- հավելում է նա:

Ֆլորա Բաբաջանյանը՝ earlyone սթարթափի ներկայացուցիչը, ընդգծում է նաև մենթորների դերը. «Նրանք օգնեցին մեզ այս 2 օրվա ընթացքում պատրաստվել մեր ելույթներին, ճիշտ խորհուրդներ տվեցին՝ ինչը փոխել, ինչպես ավելի լավ ներկայացնել, նրանց օգնության շնորհիվ մենք նման արդյուքների հասանք»:

Bookoholics-ի ներկայացուցիչ Հայկազ Բագրատյանն էլ միջոցառումն օգտագործել է՝ իրականացրելու մի շարք հարցազրույցներ և հավաքագրելու տվյալներ իրենց արտադրանքի վերաբերյալ մարդկանց վերաբերմունքի: «Bookoholics-ը միայն հայկական շուկայի համար չէ, այլ նաև այլ շուկաների համար և գուշակել մարդկանց ընկալումը ճիշտ և պրոֆեսիոնալ չէ»:

Նրա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատերն այդ ծրագրի կարիքն ունեին, սակայն որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն կա: «Բանակցություններ ունեցա նաև պոտենցիալ ներդրողների հետ, որն ինձ ավելի վստահ դարձրեց մեր մշակած ռազմավարության առումով»,- ավելացնում է Հայկազը:

ifa7826k

HY PICTURES-ի հիմնադիր Հասմիկ Հովհաննիսյանը կարծում է, որ միջոցառման արդյունավետության մասին առավել իրական գնահատական կարելի է տալ միայն ամիսներ անց, երբ ձեռբերված պայմանավորվածություններն ու կապերը իրականանան:

Այնուամենայնիվ, նա մեծ ձեռքբերում է համարում այն, որ մեծ հետարքրքություն է եղել իրենց ծրագրերի նկատմամբ և արևմտահայ գրականության կոմիքսներով հետաքրքրվել են թուրքական հրատարակչություններ և հնարավոր է՝ դրանք թարգմանվեն և տպագրվեն թուրքերեն լեզվով:

Հայաստանի պատվիրակությունը «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին ներկայացել էր հետևյալ ընկերություններով՝

Heltun – «խելացի» տան կառավարման համակարգեր
Skycryptor – ամպային տվյալների անվտանգություն
LiTech – լուսավորության նորարար տեխնոլոգիաներ
HY Pictures – ինտերակտիվ գրաֆիկական պատմվածքներ
Bookoholics – բջջային հավելված գրքասերների եւ ծանոթության համար
Earlyone – հերթերի առցանց համակարգերի կառավարում
HurryApp – կազմակերպություններին նոր հաճախորդներ բերող մարքեթինգային ստեղծարար գործիք
DressZone – կանանց համար իրենց զգեստների վարձույթի միջոցով գումար խնայելու և վաստակելու առցանց համակարգ
FortuneCup – բախտագուշակների հետ իրական կապ հաստատող բջջային հավելված
ArmNomads – խաղերի ծրագրավորում

Հանրային լրագրության ակումբի ծրագրի ղեկավար Լուսինե Ավագյանը կարևորում է հայկական սթարթափերի մասնակցությունը միջոցառմանը՝ ընդգծելով, որ նպատակն էր հայկական սթարթափերին ավելի մեծ շուկա դուրս բերել: Նա նշում է, որ այն հնարավորություն էր հայկական սթարթափերի համար ոչ միայն թուրքական և միջազգային շուկային ծանոթանալու և ներդրումային հնարավորություններին տեղեկանալու, այլև հայակական սթարթափերի տաղանդը ցուցադրելու համար:

Այս տարի հեղինակավոր «StartupIstanbul» ֆորումին 135 երկրից դիմել էին 24.646 սթարթափեր, որոնցից միայն շուրջ 500-ը մասնակցեցին միջոցառմանը: Այդ 500 սթարթափերի շարքում ընտրվել էին նաեւ Ձեռներեցների փոխայցելություն նախագծի մասնակից հայաստանյան 10-ը ընկերությունները:

Նախագիծը մասն է կազմում «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, որին աջակցում է Եվրոպական միությունը: