Ամերիկյան T-Mobile և Sprint ընկերությունները միավորվում են

Բջջային կապի ամերիկյան երկու խոշորագույն օպերատորներ՝ T-Mobile և Sprint ընկերությունները պատրաստվում են իավորվել: Այս մասին Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է T-Mobile-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Լեջերը, որը, ըստ համաձայնագրի, պետք է ղեկավարի միավորված ընկերությունը:

«Ուրախ եմ հայտնել, որ T-Mobile-ը և Sprint-ը համաձայնության են եկել համատեղ նոր ընկերություն՝ ավելի խոշոր և ուժեղ մրցակից ստեղծելու շուրջ, որը ամերիկացի բոլոր սպառողների և բիզնեսի համար դրական փոփոխությունների գործոն կդառնա»,- հայտարարել է ձեռներեցը: Ինչպես փոխանցում է CNN Money-ն, նա ավելի ուշ լրագրողներին հայտնել է, որ միավորվելով T-Mobile-ը և Sprint-ը ծրագրում են ստեղծել «ԱՄՆ պատմության մեջ առավել մեծ թողունակությամբ ցանց»:

Լեջերի խոսքով՝ այս նպատակով  ընկերությունը հազարավոր նոր աշխատակիցների կընդունի: Համազգային ցանցը, T-Mobile-ի գործադիր տնօրենի կարծիքով, կամրապնդի ԱՄՆ-ի՝ որպես 5G-կապի ապահովման առաջնորդի դիրքերը:

Sprint-ի արժեքը վերջին անգամ գնահատվել է 26 մլրդ դոլար, մինչդեռ T-Mobile-ի շուկայական արժեքը կազմում է 55 մլրդ դոլար: Միավորվելուց հետո, ինչպես նախօրեին նշել էին իրավիճակին ծանոթ CNBC News-ի աղբյուրները, այս ցուցանիշը կարող է հասնել գրեթե 140 մլրդ դոլարի: Ըստ որում՝ SoftBank-ը, որին է պատկանում Sprint-ի մոտ 85 տոկոսը, համաձայնագրի շրջանակում թույլ կտա Deutsche Telekom-ին, որին է պատկանում T-Mobile-ի գրեթե երկու երրորդը, նոր ընկերության շահույթը համախմբել:

Սակայն սա, ինչպես հիշեցնում է CNN-ը, Sprint-ի եւ T-Mobile-ի միավորման շուրջ առաջին բանակցությունները չեն: Ընկերություններն այս հարցն առաջին անգամ քննարկել են դեռևս 2014 թվականին: Սակայն այդ ժամանակ որոշել էին գաղափարից հրաժարվել  բջջային կապի շուկայի մենաշնորհման համար այդ պահին ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամային փոխարինած վարչակազմի պատժամիջոցների տակ հայտնվելու մտավախությունների պատճառով: