Targus-ը ներկայացրել է անլար լիցքավորման հնարավորությամբ օժտված ուսապարկ

Ուսապարկեր արտադրող հայտնի  Targus  ընկերությունը նորույթ է ներկայացրել, որը ստացել է  Targus Mobile VIP+ անվանումը։ Նոր ուսապարկը համալրված է Qi անլար լիցքավորման հնարավորությամբ։ Այն տեղադրված է ուսապարկի կողային գրպաններից մեկում։

Լիցքավորման սարքը կիպ պահում է սմարթֆոնը գրպանում, որպեսզի այն լիցքավորման ընթացքում վայր չընկնի ուսապարկից։ Ի դեպ՝ գրպանում կարելի է լիցքավորել iPhone XS Max-ի չափերով ցանկացած սմարթֆոն։

Այստեղ կա սարքավորում, որը նաև խլացնում է RFID ազդակները, ինչի շնորհիվ լիցքավորման ընթացքում օգտատերը կարող է հանգիստ լինել՝ բանկային տվյալների արտահոսք տեղի չի ունենա և այլ սարքեր էլ չեն կարողանա մուտք գործել սմարթֆոնի գաղտնի տարածքներ։

Targus Mobile VIP+-ը որպես ուսապարկ հարմարավետ տարբերակ է, քանի որ ունի բազմաթիվ և տարողունակ գրպաններ, որտեղ հնարավոր կլինի տեղավորել ցանկացած ձեռքի տեխնիկա։ Ուսապարկը Targus-ը կներկայացնի CES  2019-ի ընթացքում։ Նախնական արժեքը կլինի մոտ 199 դոլար։