ՀՀ 3 բջջային օպերատորները 2015թ.-ի առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել 5,8 մլրդ դրամի հարկ

Հայաստանի հեռահաղորդակցական ծառայությունների շուկայում գործող երեք ընկերությունները 2015 թվականի առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել 5,8 մլրդ դրամի հարկ՝ 2014 թ.-ի նույն ժամանակահատվածում վճարած 6,5 մլրդ դրամի դիմաց։ Այս մասին հաղորդում է Պետեկամուտների կոմիտեն:

Հրապարակած տվյալների համաձայն՝ օպերատորների կողմից (VivaCell-MTS, «ԱրմենՏել» և «Orange Armenia») վճարված բոլոր հարկերի կառուցվածքում հարկային մարմինների կողմից հավաքված միջոցները կազմել են ավելի քան 5,3 մլրդ դրամ, մաքսային մարմինների կողմից հավաքված միջոցները՝ 590,19 մլն. դրամ։

Այսպես՝ «ԱրմենՏելը» (ապրանքանիշը՝ Beeline) ընկերությունը 2015 թվականի հունվար-մարտին պետբյուջե է վճարել 4,2 մլրդ դրամ (9-րդ տեղը հարկատուների ցուցակում), Orange Armenia-ն՝ 861 մլն. դրամ (36-րդ տեղ), VivaCell-MTS-ը («Ղ-Տելեկոմ»)` 823,2 մլն. դրամ (39-րդ տեղ)։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի խոշորագույն 1000 հարկատուները 2015 թվականի հունվար–մարտին պետբյուջե են վճարել ավելի քան 152.3 մլրդ դրամ` 2014 թվականի հունվար–մարտի 154.3 մլրդ դրամի դիմաց (անկումը` 1,3%)։

Ցուցակը գլխավորում է Գազպրոմ Արմենիան, որը 2015 թվականի հունվար–մարտին պետբյուջե է վճարել մոտ 15 մլրդ դրամ` 2014 թվականի հունվար–մարտի 17,7 մլրդ դրամի դիմաց։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։

Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: