TCL․ Ծալովիի փոխարեն, փաթաթովի հեռախոս

Բջջային հեռախոսներից ու սմարթֆոններից պահանջներն օր օրի ավելի մառազմատիկ են դառնում ու արտադրողները ստիպված են գործի դնել իրենց աշխատակիցների երևակայության ամբողջ արսենալը։ Դա օգնում է մրցունակ լինել, գոհացնել օգտատերերին ու չհայտնվել շուկայի լուսանցքում։ Այս հարցում, իհարկե, հավասարը չունեն Apple-ն ու Samsung-ը, որոնք մեկը մյուսի հետևից նորարարություններ են մտցնում շուկա։ Սակայն հաճախ հարվածը գալիս է այնտեղից, որտեղից ամենաքիչն ես սպասում։ TCL ընկերությունը, որն առավել հայտնի է բյուջետային հեռուստացույցների արտադրությամբ, երեկ հրապարակեց փաթաթովի հեռախոսի կոնցեպտը։

Անցյալ տարի Galaxy Fold-ն ուղղակի պայթեցրեց շուկան իր ծալովի կոնցեպտով։ Մի քանի օրից «ծալովի» արշավին միացավ Huawei-ն ու յուղ լցրեց կրակի վրա՝ Mate X մոդելով։ Այս տարի Galaxy Z Flip ու Motorola Razr մոդելների հանդեպ հետաքրքրությունն այնքան էլ մեծ չէ։ Ալիքը մարեց, քանի որ շուկան նոր բան էր պահանջում։ Ու մինչև հսկաները գլուխ էին կոտրում, TCL-ը «փակեց բոլորի բերանները»։

Cnet օնլայն պարբերականը սրանից մի քանի օր առաջ, հղում տալով սեփական աղբյուրներին, հրապարակել էր նոր խելախոսի լուսանկարը, որից անմիջապես հետո TCL-ն արդեն պաշտոնապես հայտարարեց նոր կոնցեպտի մասին։ Տեխնոլրագրող Ռոջեր Չենգը, որն արդեն հասցրել է փորձարկել նոր կոնցեպտը, գրում է, որ առաջին հայացքից այն ամենասովորական, 6,75 դյույմ էկրանով խելախոս է։ Սակայն ձախ կողմում փոքրիկ ելուստ կա, որը քաշելուց հետո այն վերածվում է 7,8 դյույմ էկրանով հեռախոսի։

«Ես փորձարկեցի մակետը, որի վրա ոչ մի սարքավորում չկար միացրած։ Պարզապես հեռախոսի մանեկենն էր։ Երբ բացում էիր սարքավորումը, այնպիսի տպավորություն էր, որ ուր որ է կկոտրվի: TCL-ը հայտարարեց, որ ունեն նաև աշխատանքային տարբերակը, բայց երբ տեսանք հոլովակը, էկրանն ավելի դանդաղ էր բացվում, քան մենք կուզենայինք, դրան էլ գումարած՝ դիսփլեյը կոշտ տեսք ուներ, ինչպես մակետի վրա էր»,- գրում է Չենգը։

Ընդհանրապես փաթաթովի տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրությունը գնալով աճում է։ Առաջին մեծ կոնցեպտն LG ընկերության ներկայացրած հեռուստացույցն էր։ Դրանից հետո մասնագետներն անընդհատ վիճում էին՝ կլինի՞ այս տեխնոլոգիայի ավելի կոմպակտ տարբերակը, թե ոչ։

Սակայն մի շտապեք պատվիրել այս խելախոսը։ Շուկայում այն դեռ չկա, ու կլինի միայն 2021 թվականի երկրորդ կեսին։ Ընդ որում, հայտնի չէ՝ հենց այս տարբերակը կլինի, թե բոլորովին այլ բան։

Ընկերության տնօրեն Ստեֆան Շտրայտը հայտարարել է, որ 36 տեսակի կոնցեպտ կա քննարկման, դեռ պետք է ընտրեն, թե որն են շուկա հանելու։ Հարց է առաջանում, եթե կա հավանականություն, որ այս տարբերակն ընդհանրապես չլինի, ինչու՞ է ընկերությունն  այսքան աղմուկ բարձրացնում։

Ինչևէ, Շտրայտը նաև հայտարարել է, որ անկախ ամեն ինչից, իրենց այն մոդելը, որ կհայտնվի շուկայում, գործող գներից 30-40 տոկոսով ավելի էժան կլինի։ Սա լավ նորություն է։

Այս խելախոսներն ակտիվ քննարկում է նաև հայկական ֆեսյբուքը։ Ընդ որում՝ սովորական սպառողներն ուրախանում են, ծրագրավորողները՝ լաց լինում։