Telegram-ով նոր վիրուս է տարածվում

ESET ընկերությունը հայտնաբերել է նոր վիրուս, որը վարակված սարքերը բոթի միջոցով կառավարում է Telegram-ով, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:

«Տրոյանը թույլ է տալիս հաղորդագրություններ որսալ և ուղարկել, գողանալ տվյալները, կանչեր, ձայնագրություն, սքրինշոթ կատարել, որոշել սարքի տեղադրությունը և փոխել կարգավորումները: Գործառնությունների կառավարման համար Telegram-բոթ ինտերֆեյսում նախատեսված են ինտերակտիվ կոճակներ՝ օգտատերը գործիքակազմ է ստանում ընտրված լրակազմին համապատասխան»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վնասակար ծրագիրը տարածվում է Android-հավելվածների ոչ պաշտոնական խանութներով, մինչդեռ Google Play-ում այս սպառնալիքը չի հայտնաբերվել:

Վիրուսը քողարկվում է հավելվածի ներքո, որը խոստանում է բիթքոին նվիրել, անվճար ինտերնետ կամ բլոգներում բաժանորդների աճ:

Ծրագիրը տեղադրելուց հետո էկրանին է հայտնվում իրազեկմամբ պատուհան, որ ծրագիրը չի կարող սարքի վրա աշխատել և կհեռացվի, սակայն հետո պատկերն անհետանում է, իսկ վիրուսը շարունակում է գործել: ESET-ից հայտարարել են, որ վարակումների մեծ մասը հայտնաբերվել է Իրանում: