Կրեմլում դեռեւս չգիտեն Telegram մեսենջերն ինչով կփոխարինեն այն արգելափակելուց հետո

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեռեւս չգիտի ինչով փոխարինել Telegram մեսենջերը՝ այն արգելափակելու դեպքում, սակայն արձանագրում է հնարավոր ընտրության բազմակերպությունը:

«Որքանով հասկանում եմ, հիմա այդ գործի դատավարություն է ընթանում, եկեք սպասենք արդյունքներին»,- լրագրողներին առաջարկել է Կրեմլի ներկայացուցիչը: Օրենքը մնում է օրենք: Դեռևս չգիտեմ ինչով փոխարինել, սակայն ընտրությունը բավականին հարուստ է»,- նշել է Պեսկովը:

Ավելի վաղ նա ասել էր, որ Կրեմլը Telegram-ն օգտագործում է, մասնավորապես, լրագրողների հետ շփվելու համար:

Ինչպես փոխանցում է Meduza-ն, ապրիլի 12-ին «Ռոսկոմնադզորը» Տագանսկի շրջանային դատարանին խնդրել է կարգավորողի հայցի բավարարման դեպքում Telegram-ն անմիջապես արգելափակել:

«Այս դատական գործը կապված է տեղեկատվության տարածման հետ, եւ քանի որ Telegram-ից չեն տրամադրում հաորդագրությունների  ապածածկագրման բանալիները, մենք միջնորդում ենք հայցադիմումի բավարարման դեպքում դատական որոշման անհապաղ կատարման մասին»,- ասել է «Ռոսկոմնադզորի» ներկայացուցիչը: