Telegram-ի օգտատերերն առաջարկել են ապրիլի 22-ին թղթե օդանավերով աջակցել ազատ ինտերնետին:
«Ռուսական իշխանությունները 7-րդ օրն է՝ Telegram-ն արգելափակել են: Եթե դուք աջակցում եք ազատ ինտերնետին, պատուհանից թղթե օդանավ բաց թողեք»,- նշված է սերվիսային իրազեկումների էջով տարածված հաղորդագրության մեջ:
Հաղորդագրությունը ստացել են մեսենջերի բջջային հավելվածի օգտատերերը։
Մոսկվայի Տագանսկի դատարանը Ռուսաստանի տարածքում Telegram-ի աշխատանքն արգելափակել է ապրիլի 13-ին` պատճառաբանելով, որ մեսինջերի հիմնադիր Պավել Դուրովը հրաժարվել է ԱԴԾ-ին տրամադրել նամակագրության գաղտնագրերի բանալիները: Ընկերության իրավաբանները նշել են նաև, որ այդ պահանջի կատարումը տեխնիկապես անհնար է:
Ապրիլի 16-ից «Ռոսկոմնադզորը» ակսել է արգելափակել այն IP հասցեները, որոնք Ռուսաստանում մեսենջերին հասանելիություն էին ապահովում, դրանց մեծ մասը պատկանում է Amazon-ին և Google-ին, իսկ ապրիլի 20-ին սկսել է VPN-ի և փրոքսի սերվերների արգելափակումը: Գերատեսչության ակտիվ գործողությունների հետևանքով տուժել են մի քանի կողմնակի սերվերներ, իսկ ապրիլի 22-ին հայտնի է դարձել, որ արգելափակման տակ են հայտնվել Google որոնման համակարգի գլխավոր էջի մի քանի հասցեներ: