Tesla-ն ներկայացրել է Էլեկտրական շարժիչով Tesla Semi բեռնատարը, որը կտեղափոխի 36,2 տոննա բեռ

Էլոն Մասկը Tesla-ի օնլայն հեռարձակվող պրեզենտացիայի ժամանակ ներկայացրել է Tesla Semi բեռնատարը, որը կարող է տեղափոխել 36,2 տոննա ծանրությամբ բեռ։ Ինչպես նաև 2–րդ սերնդի ամենարագ Roadster–ը։ Ներկայացնում ենք նոր էլեկտրամեքենաների հնարավորությունները։

Tesla Semi

Էլեկտրաշարժիչով բեռնատար արտադրելու Tesla ընկերության մտադրության մասին վաղուց  հայտնի էր, միայն թե փորձագետները ենթադրում էին, որ բեռնատարի մեկ լիցքավորումը կբավարարի ոչ ավելի քան 480 կմ անցնելու համար։ Սակայն Էլոն Մասկը հայտնել է, որ այն կկարողանա անցնել մոտ 800 կմ` մեկ լիցքավորումով։

Tesla Semi–ն 5 վայրկյանում կարող է զարգացնել ~96 կմ/ժ արագություն, իսկ ամբողությամբ բեռնված` մինչև 20 վայրկյանում։ Tesla ընկերությունը մշակում է հատուկ լիցքավորիչների վրա, որոնք 30 րոպեում կլիցքավորեն էլեկտրաշարժիչը 645 կմ–ի համար։ Megachargers լիցքավորիչները կաշխատեն արևային էներգիայով։

Tesla Semi–ն վաճառքի դուրս կգա 2019–ին։

Tesla Roadster

Պրեզենտացիայի անակնկալը դարձավ սպորտային Tesla Roadster էլեկտրամեքենան։ «Նոր Tesla Roadster–ը կլինի սերիական արտադրության մեքենաներից ամենաարագը և վերջ»,– հենց այսպես է բնութագրել Էլոն Մասկը։ Այն կդառնա բազային մոդել, 2–րդ սերնդի Roadster–ը կզարգացնի մինչև 96 կմ/ժ արագություն 1.9 վայրկյանում։ Մինչև 160 կմ/ժ` 4,2 վայրկյանում։ Մասկի պնդմամբ` մեքենայի առավելագույն արագությունը կգերազանցի 400 կմ/ժ–ը, ընդ որում 200 կիլովատտ լիցքավորիչը կբավարարի, որպեսզի էլեկտրամեքենան հաղթահարի 1000 կմ տարածություն։

Նոր Roadster-ը նախատեսված է 4 հոգու համար` վարորդին հաշված։ Մեքենայի տանիքը բացվող է։ Ենթադրվում է, որ  Tesla-ի այս մոդելը վաճառքի դուրս կգա 2020 թվականին 200 հազար դոլար արժողությամբ։ Առաջին 1000 նոր մոդելները կվաճառվեն 250 000 դոլարով։