Ստեփանակերտում կբացվի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Շատ շուտով Ստեփանակերտի պատանիների ուսումնական կյանքը կփոխվի: Սիմոնյան կրթական հիմնադրամը համագործակցել է Հայկական ընդհանուր բարեգործական հիմնադրամի հետ՝ մեկնարկելու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաքում: Կենտրոնի բացման արարողությանը ներկա կգտնվեն Սիմոնյան կրթական հիմնադրամի ղեկավար Սեմ Սիմոնյանը և ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Վազգեն Յակուբյանը:

ՀԲԸՄ-ն ֆինանսավորելու է կենտրոնի բոլոր գործառնական ծախսերը, ինչպես նաեւ կենտրոնի մեկնարկային ծախսերը՝ ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության շրջանակներում, իսկ Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարությունը տրամադրում է տարածք Ստեփանակերտի կենտրանական հատվածում գտնվող պատմական շենքում: Շինության վերանորոգումը իրականացել է Ղարաբաղ Տելեկոմ ընկերության նվիրատվության շնորհիվ:

Ստեփանակերտի ծրագիրը հասանելի կլինի 500-ից 1000 ուսանողների, որոնցից յուրաքանչ յուրը Թումո կհաճախի շաբաթական երկու օր եւ կսովորի կենտրոնի չորս հիմնական ոլորտների՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման եւ խաղերի ստեղծման հիմունքները, ինչպես նաեւ կստանա 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, ինչպիսիք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն:

Ստեփանակերտի կենտրոնում ուսանողների գրանցումը կմեկնարկի սեպտեմբերի 14-ից, իսկ հոկտեմբեր ամսից գրանցված ուսանողները կսկսեն իրենց ուսումը Թումոյում:

Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է, որի առաջին կենտրոնը բացվել է Երևանում 2011-ին, իսկ երկրորդը՝ Դիլիջանում ՝ 2013-ին: ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցությամբ 2015-ի մայիսին նաև բացվեց Գյումրիի Թումո կենտրոնը: Համագործակցությունը միտում ունի տարածել Թումոն Հայաստանի այլ քաղաքներով, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս: