Ուսանողների գրանցումը շարունակվում է Թումո Գյումրիում (ֆոտոշարք)

Գյումրիի ԹՈՒՄՈ x ՀԲԸՄ կենտրոնն այսօր կրկին մարդաշատ էր. այստեղ ակտիվ շարունակվում են գրանցումներն ու կողմնորոշիչ հանդիպումները: Գյումրեցի երիտասարդները ծնողների հետ ոգևորված սպասում էին պայմանագիրը կնքելու իրենց հերթին։

Վերոնշյալ հանդիպումները սկսվել են հունիսի 1-ից և գրանցվող պատանիների թիվն այժմ արդեն անցել է 500-ը: Այս ամսվա ընթացքում տեղի կունենան ևս երկու հանդիպումներ հունիսի 20-ին և 27-ին՝ ժամը 11:00-ին, 13:00-ին և 15:00-ին:

Հիշեցնենք, որ կենտրոնի ստեղծումը նախաձեռնել է ՀՀ նախագահը, իրագործել՝ «Շանթ» հեռուստաընկերությունը: Կենտրոնը գործունեության սկզբնական շրջանում կտեղակայվի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, իսկ հետագայում նախատեսվում է այն տեղափոխել հարևանությամբ գտնվող Գյումրիի թատրոնի (նախկին ժողովրդական տան) շենք, որը ենթակա է հիմնանորոգման և ամրացման:

Տարածքն առայժմ ներառելու է 60 աշխատանքային կետ և կարողանալու է հյուրընկալել 500-ից 1000 ուսանողի: