Գործարկվել է tundarc.am կայքը

CaptureՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը գործարկել է tundarc.am տեղեկատվական ինտերնետային համակարգը, որը ստեղծվել է հայրենիք վերադարձողներին օգնելու նպատակով։ Ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքով՝  կայքի միջոցով օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն կունենան անմիջապես դիմելու Հայաստանի պետական մարմիններին և ստանալու երկիր վերադառնալու ընթացակարգին վերաբերող անհրաժեշտ տեղեկություն։ Բացի նամակներից՝ կայքում նախատեսված է նաև տեսազանգերի հնարավորություն։

Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներն անկախ իրենց հարկադիր կամ կամավոր վերադարձի հանգամանքից: Տրամադրված աջակցությունը կախված է յուրաքանչյուր վերադարձողի կարիքներից և այն փաստից, թե արդյոք նա համապատասխանում է ծրագրերի ընդունելիության չափանիշներին: Չափանիշների թվում է արտերկրում անցկացրած և վերադարձից հետո Հայաստանում գտնվելու ժամանակահատվածը:

Նշենք, որ Եգանյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է նաև վերջին ամիսներին երկրից մեկնածների թիվը. վերջին 10 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 2.349.547 հոգի, ինչն, ըստ Եգանյանի, նախորդ տարվա ցուցանիշի համեմատ մեծ չէ։