Մեկնարկել է ԱՏՁՄ 19-րդ տարեկան համաժողովը

Այսօր մեկնարկել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 19-րդ տարեկան համաժողովը: Պաշտոնական մեկնարկը տրվել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի և գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ելույթներով: ԱՏՁՄ 19-րդ տարեկան համագումարին ներկա են ՀՀ կառավարության, օրենսդիր մարմնի, դիվանագիտական կառույցների և ՏՀՏ համայնքի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ:

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն իր խոսքում  նշել է, – «Անցած տարի ԱՏՁՄ-ն հաջողությամբ շարունակել է իր տասնյակ նախագծերը և իրականացրել նորերը: Տարեցտարի աճում է մեր նախագծերի աշխարհագրությունն ու արդյունավետությունը. ավելի շատ արտերկրյա ՏՏ ընկերություններ են մասնակցում «ԴիջիԹեքին» և ավելի շատ երկրներում կբացվեն «Արմաթ» լաբորատորիաներ։ Նախագծերի մի մասն իրականացվում է կառավարության հետ արդյունավետ համագործակցությամբ։ Իսկ այս տարի կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ մեր երկրում տեղի է ունենալու «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը», որը հավակնում է դառնալ ամենահիշարժանը համաժողովի պատմության մեջ ու տարվա խոշորագույն միջոցառումը Հայաստանում»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ընդգծելով որ մշտապես եղել է ԱՏՁՄ ընկերը և  պատրաստ է աջակցել ոլորտին վերաբերող հարցերում:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Միության անդամներին և համաժողովի մյուս մասնակիցներին ներկայացրել է 2018 թ-ի գործառնական հաշվետվությունը և առաջիկա ծրագրերն ու ռազմավարական ուղղությունները:  Միությունը վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրել է ԵԱՏՄ օրենսդրության վերաբերյալ քննարկումներ, ԱՏՁՄ անդամների շահերի պաշտպանությանն ուղղված մի շարք աշխատանքներ, «Բիզնես ինովացիոն ֆորում», «ԴիջիԹեք» բիզնես ֆորում, «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդես, «ՏՀՏ լիդերների հանդիպում», «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի հանդիպումներ, հայ-ամերիկյան գործարար ֆորում, տնտեսական և էվոլյուցիայի թեմատիկ գիտաժողովներ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր, տեխնոլոգիական և «ԴիջիՔեմփ» ճամբարներ, «ԱրմՌոբոտիքս», «ԴիջիԿոդ» մրցույթներ: Իրականացվել և ընթանում են նաև «WCIT 2019-ՏՏ համաշխարհային համաժողովի» նախապատրաստական աշխատանքներ:

Համաժողովի ավարտին ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների ղեկավարների քվեարկությամբ կընտրվեն վարչության նոր անդամներն ու նախագահը: