Եթե բոլոր դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ ստեղծվեն, Հայաստանը կդառնա տեխնոլոգիական զենքի առաջատար արտադրող. UATE

Հայաստանը 7 տարում տեխնոլոգիական զենքի առաջատար արտադրող եւ հզոր տեխնոլոգիական երկիր կդառնա, եթե բոլոր դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ լինել: Նման կարծիք «Նոյան Տապան» տեղեկատվական կենտրոնի «Քննարկում» ծրագրի եթերում հայտնեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ «Արմատ» ինժեներական լաբորատորիաներն արդեն գործում են 230 հայկական դպրոցներում, սակայն մնացած 1200 նոր լաբորատորիաների բացման համար անհրաժեշտ է պետության կամ մասնավոր հատվածի աջակցությունը:

«Սակայն պետությունն այս գործառույթը դնում է մասնավոր հատվածի վրա, իսկ մասնավոր հատվածը` պետության, եւ ոչ ոք չի մտածում, որ սրանից կարող է օգտվել թշնամին: Եթե աշխարհում ապրող 10 միլիոն հայերից 1200 մարդ ցանկություն հայտնի ներդրումներ կատարել դպրոցական ինժեներական լաբորատորիաների համար, մեզ կհաջողվի բացել դրանք ոչ միայն ամբողջ Հայաստանի դպրոցներում, այլ նաեւ՝ Արցախում»,- ասաց Կարեն Վարդանյանը:

Ըստ նրա՝ ինժեներական կրթությունը դպրոցներում եւ բուհերում հնարավորություն կտար տարեկան 7000 ՏՏ մասնագետ պատրաստել, որոնք տարեկան 35 մլրդ դրամ բյուջետային եկամուտներ կապահովեին:

«Մենք մեր կողմից ամեն օր աշխատում ենք, մեր տղաները հաղթում են տարբեր միջազգային մրցույթներում, եւ նրանցից երկուսը մասնակցում են անօդաչուների նախագծմանը»,- ասաց UITE-ի տնօրենը:

Նա նաեւ նշեց, որ հայ մասնագետների համար այժմ  լավ հնարավորությունների ժամանակահատված է, որը կտեւի առնվազն եւս 10 տարի: «Միայն ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ՏՏ մասնագետների պահանջը, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, տարեկան 3 միլիոն մարդ է կազմում: Մենք կարող ենք բռնել այդ պահանջի մի մասը Հայաստանում, քանի որ մարդկանց համար հիմնականում միեւնույն է, թե որտեղ աշխատել, սակայն դրա համար համապատասխան կադրեր եւ կրթություն է հարկավոր», – ասաց Կարեն Վարդանյանը: