Համալսարանն այն տեղը չէ, որտեղ սովորելը լավ է․ Կարեն Վարդանյան

Հայաստանի ամբողջ տարածքում գործող Արմաթ ինժեներական 200-ից ավել  լաբորատորիաներում ուսուցանվում է նաև 3D մոդելավորում։ Մենք արդեն նախորդ հրապարակումներում ներկայացրել էինք, որ Արմաթ ինժեներական լոբորատորիաներից մեկը համալրվել է նորագույն ու գերճշգրիտ եռաչափ տպիչով։ Թե ինչքանով է կարևոր 3D մոդելավորում, ծրագրավորում և ինժեներիա խորացված ուսուցանել Հայաստանում, խոսել ենք ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ։ 

«Արմաթի կրթական մոդելում եռաչափ մոդելավորումը, շաղփային հաստոցով աշխատանքը մտցնելը  պատահական չէ, որովհետև համաշխարհային կանխատեսումներով ապրանքների լոգիստիկ տեղափոխումը կարող է մոտակա ժամանակներս  30 տոկոսով պակասել։ Ինչո՞ւ, որովհետև գնալով եռաչափ տպիչները, CNC մեքենաները այնքան են զարգանում, որ եթե համակարգչային մկնիկ եք ուզում, ապա կարիք չկա գնալ խանութ կամ պատվիրել Չինաստանից․ գծագիրը կա համացանցում՝ անվճար կամ մի քանի ցենտով, վերցնում եք գծագիրը, դնում եռաչափ տպիչում և որակով տպում ու օգտագործում։  Ամբողջ աշխարհը փոխվում է այդ իմաստով՝ գործարանային աշխատանքը էական քչանում է ու դրան պետք է պատրաստ լինել։ Դրա համար Արմաթի մեջ հատուկ դեր ունեն եռաչափ մոդելավորումը և դրա հետ կապված ամեն բանը»,- նշում է Կարեն Վարդանյանը։

Այս ամենն ինքնանպատակ  և IT աշխարհի թրենդներին հետևելու համար  չի արվում, երբ աշխատանքի նման մոդելները հասնեն Հայաստան, մենք ունենալու ենք աշխատուժի մեծ պակաս, որը հնարավոր է  երկիրը  գցի կախվածության մեջ այլ երկների աշխատուժից՝ երբեմն թանկ աշխատուժից։ Բացի այդ, նման գիտելիքներով մասնագետներ պատրաստելու համար երկար ժամանակ է հարկավոր, 6 ամսում կամ 1 տարում հնարավոր չէ։

«Իսկ այս երեխեքը դպրոցում 4 -5 տարի՝ մինչև ավարտելը, դրա մեջ  լավ խորացած են լինում և վաղը այդ մասնագիտությունների պահանջարկը, որ լինի, արմաթցիները համալսարան ավարտելու կարիք չեն ունենալու, կարող են հանգիտս գնալ համապաստախան ձեռնարկություն և աշխատել»։

Ամենամեծ խնդիրն, ըստ Կարեն Վարդանյանի,  ՏՏ ոլորտում դեռ շարունակում է մնալ այն, որ  չեն ստեղծվում ապագայի մասնագետներ «արտադրող»  հաստատություններ, անգամ շատ հաստատություններ ժամանակակից մեքենաներ չունեն այդպիսի ուսումնական ծրագրեր սկսելու համար։

«Մյուս կողմից ծրագրավորում, ռոբոտաշինություն, դրանք էլ են աշխարհի ամենարագ զարգացող առաջատար մասնագիտությունները։ Բնական է, դպրոցականները ավելի շատ կոնցեպտուալ են հասկանում, որովհետև առարկայական հասկանալու և կիրառելու համար բարձր կարգի մաթեմատիկա է պետք։ Իսկ արհեստական բանականություն և այլ, դրանք մաթեմատիկայի մեկ ուրիշ անվանումներն են։ Այդ գիտելիքներով, որ իրենք ավարտում են, ունի ընկերությունների 60 տոկոս աշխատուժը, իրենց բարձրագույն մաթեմատիկա պետք չի, Արմաթի երեխաները կարող են լրացնել այս տեղերը»։

Կարեն Վարդանյանը շեշտադրում է, որ ավելին սովորելու և հմտանալու գործում կա՛մ պետք է ինքնակրթվել, կա՛մ գործատուն պետք է պատվիրի ուսումը արդեն արտասահմանում կամ հնրավորության դեպքում այստեղ՝ Հայաստանում։

«Որովհետև մեծ հաշվով, որ մենք երեխային ուղարկում ենք բուհ փչացնում ենք, որովհետև համալսարանն այն տեղն է, որտեղ սովորելը «զապադլո» է ու, եթե ուզում ես երեխաներին փչացնել, ուղարկի համալսարան, դրա համար  մենք ուզում ենք, որ նրանք այստեղ սովորեն քանի ունեն  հետաքրքրություն, ունեն այդ «դռայվը» սովորելու հանդեպ»,- հավելում է Կարեն Վարդանյանը։ 

Մեզ համար աննկատ, բայց աշխարհը 4-րդ արդյունաբերական հեղափոխությունն է ապրում և այստեղ կարևոր դերակատարում ունեն տեխնոլոգիաները, հատկապես՝ 3D պրինտերները, ծրագրավորումն ու CNC մեքենաները: Ահա այս պատճառով է կարևոր Հայաստանում նման կրթական ծրագրեր ներդնելը։ 

Սյուզան Թոսունյան