Uber-ի հիմնադիր Թրևիս Կալանիկի հրաժարականի պատճառները և ընկերության խնդիրները

Reuters

Uber-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Թրևիս Կալանիկը հրաժարական է տվել: Որպես պատճառաբանություն նշել է «Ընկերության ղեկավարման մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը»: The New York Times-ի փոխանցմամբ՝ Uber-ի 5 հիմնական ներդրողները Կալանիկին նամակ են ուղղել, որտեղ պահանջել են անմիջապես լքել պաշտոնը՝ բացատրելով, որ այդ քայլը անհրաժեշտ է ընկերության կառավարումը թարմացնելու համար:

Կալանիկը ժամեր տևած  բանակցություններից հետո կայացրել է ճակատագրական որոշումը: Ավելի վաղ Թրևիսը հայտարարել էր, որ անձնական խնդիրների պատճառով արձակուրդ է վերցնում, որպեսզի հանգստանա և մտքերը հավաքի: Նշենք, որ մայիսին նրա ծնողները վթարի էին ենթարկվել նավակով, որի արդյունքում մայրը մահացել էր, իսկ հայրը ծանր վնասվածքներ էր ստացել:

Այս քայլին նա դիմել էր հենց այն ժամանակ, երբ Uber-ի տնօրենների խորհուրդը քննում էր նրա մասնագիտական թերացումների և էթիկայի խախտումների վերաբերյալ զեկույցը: Հունիսի 11-ին հրապարակվեց ստուգումների արդյունքը, որով սահմանափակվում էր Թրևիսի լիազորությունները:

Այս տարվա մարտին էլ Uber-ը լքեց տնօրեն Ջեֆ Ջոնսը, որն ընկերությում աշխատում էր մոտ կես տարի: Իր այդ որոշումը Ջոնսը բացատրեց Uber-ի աշխատանքային մեթոդների հետ անհամաձայնությամբ:

Uber-ը վերջին շրջանում ներքաշված էր մի շարք սկանդալների մեջ՝ սեքսիզմից մինչև Կալանիկի կոպիտ վերաբերմունքն աշխատակիցների, վարորդների հանդեպ:

Եթե դիտարկենք ընկերության վերջին 8 տարիների գործունեությունը, ապա այս ընթացքում Uber-ը բազմաթիվ անգամներ հայտնվել է կոնֆլիկտային իրավիճակում:

Ընկերության դեմպինգային քաղաքականության, անվտանգության չափանիշների անհամապատասխանության, նաև գողությունների դեմ բողոքել են տարբեր երկրներում՝ Կանադայից մինչև Մեծ Բրիտանիա, Ռուսաստան:

The New York Times-ը նույնիսկ հրապարակել էր հետաքննություն Uber-ի ներքին կյանքի վերաբերյալ, որտեղ հստակ նշվում էր, որ աշխատակիցների հանդեպ մենեջերների վերաբերմունքը ստորացուցիչ է եղել՝ աշխատանքնային առաջին իսկ օրից սկսած: Մի շարք հետազոտություններից հետո ապացուցվել է, որ ընկերությունում տասնյակ աշխատակիցներ ենթարկվել են բռնությունների, սեքսուալ ոտնձգությունների: Մեղադրվողների շարքում ընդգրկված են եղել թոփ-մենեջերներ:

Ուսումնասիրությունների արդյունքում տնօրենների խորհրդին ներկայացվել է 50 կետից բաղկացած բարեփոխումների ծրագիր: Ենթադրվում է  կետերից մեկն էլ եղել  է Թրևիս Կալանիկի հրաժարականի պահանջը:

«Ես սիրում եմ Uber-ը աշխարհում ամեն ինչից շատ, և այս դժվարին պահին ես ընդունում եմ ներդրողների խնդրանքը, որպեսզի Uber-ը կարողանա վերակենդանանալ, այլ ոչ թե շեղվի ևս մեկ պայքարով»,- նշել է Թրևիս Կալանիկը: